ԱՀԽ-ն անընդունելի է համարել մի շարք անձանց ֆիզիկական ազատությունը սահմանափակելու՝ ոստիկանական գործողությունները
ԻՐԱՎՈՒՆՔՀայտարարություն
Քաղաքական իշխանության նկատմամբ քննադատություններ հնչեցնող անձանց բերման ենթարկելու (ձերբակալելու) ոստիկանության գործողություններն անցել են օրինականության, ողջամտության, տրամաբանության բոլոր սահմանները:
Ահազանգերի քողի ներքո ոստիկանությունը կիրառում է այնպիսի միջոցներ, որոնք հատում են անձանց արժանապատվության, ֆիզիկական ազատության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և Սահմանադրությամբ երաշխավորված մարդու այլ իրավունքների պաշտպանության սահմանները:
Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը (ԱՀԽ), ուսումնասիրելով հանրային և քաղաքական գործիչներ Նարեկ Մալյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Արթուր Դանիելյանին, գործարար Ռուբեն Հայրապետյանին և մյուսներին բերման ենթարկելու (փաստացի ձերբակալելու) այսօրինակ գործողությունները, փաստում է, որ նշված բոլոր դեպքերում ոստիկանության կողմից անձանց ֆիզիկական ազատությունից զրկելը պատճառաբանվել է ապօրինի զենք կամ թմրանյութ ունենալու կամ պահելու կասկածանքով՝ հիմնված անհայտ ահազանգերի վրա: