Քաղաքացին ահազանգել է իր նկատմամբ գործադրված բռնության մասին. պարզվում են հանգամանքները
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՔաղաքացի Համլետ Գ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Համլետ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ վայր ընկնելու հետևանքով քթի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ, ինչի կապակցությամբ դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգել են ոստիկանություն և հայտնել իր ստացած մարմնական վնասվածքների մասին:
Նույն օրը իրենց տուն է այցելել ոստիկանության ծառայողը, որին բացատրություն է տվել, որ ընկել է, ինչի արդյունքում քթի շրջանում ստացել է վնասվածքներ: Հետագայում իրեն կանչել են ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ նույն բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը բռնություն է կիրառել իր նկատմամբ՝ պահանջելով ներկայացնել, թե իրականում ինչ հանգամանքներում է ստացել քթի շրջանի մարմնական վնասվածքները:
Քաղաքացի Համլետ Գ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն