Եգիպտոսում պարետային ժամ կհայտարարվի կորոնավիրուսի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին հայտարարել է չորեքշաբթի ժամը 19.00-ից մինչեւ 06.00-ն ընկած ժամանակահատվածում երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պարետային ժամի սահմանման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քաղաքացիների տեղաշարժման արգելք է սահմանվում հանրապետության ամբողջ տարածքում 19.00-ից մինչեւ 06.00-ն»,- մամուլի ասուլիսին հայտարարել է Մադբուլին: Ըստ նրա` այդ միջոցառումն ուժի մեջ է մտնում չորեքշաբթի օրը եւ կտեւի երկու շաբաթ: Երկրի վարչապետի խոսքով` հասարակական տրանսպորտի եւ տաքսիների աշխատանքն ամբողջությամբ կկանգնեցվի: Մադբուլին հավելել է, որ արտակարգ դրության շրջանակներում խախտողների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն:
Վարչապետը հայտարարել է ավելի խիստ միջոցառումների անհրաժեշտության մասին, քանի դեռ դեպքերի թիվը չի հասել հազարի:
Եգիպտոսի առողջապահության նախարարությունը երկուշաբթի հայտարարել էր օրվա ընթացքում կորոնավիրուսի 39 նոր գրանցված դեպքի մասին: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 366-ի, մահացել է 19 մարդ, առողջացել է 68 հիվանդ: