Նոր գործիք. մարտի 13-25-ը աշխատանք կորցրած եւ մինչեւ 14 տարեկան երեխա ունեցողները միանվագ նպաստ կստանան
ՎԻԴԵՈԿառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման չորրորդ միջոցառումը։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նրա խոսքով, նախագծի ընդունման արդյունքում կտրամադրվի օժանդակություն կորոնավիրուսի տարածման հետեւանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած, մինչեւ 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:
Այսպիսով միջոցառման շահառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչեւ 14 տարեկան երեխա եւ առկա է հետեւյալ հանգամանքներից որեւէ մեկը.
. Երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում
.Ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել
․ Ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ. մարտի 25-ը ներառկալ ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհետ կորած
․ Միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչեւ 2020 թ մարտի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
Նախարարը նշեց, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձեւով: «Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար, կամ հարյուր հազար դրամի սահմաններում»,-ասաց նա եւ նշեց, որ այս հարցը դեռեւս չի որոշվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորեց, որ ծրագրից ոչ կարիքավորները չօգտվեն: Ինչ վերաբերում է այլ խմբերին օգնություն տրամադրելուն, ապա վարչապետն ասաց. «Պետք չէ մեզ հիշեցնել ովքեր կան ՀՀ-ում, մենք բոոլորի մասին գիտենք, ոչ մեկի մասին չենք մոռացել, քայլ-քայլ օրակարգը ձեւավորված է, գնում ենք առաջ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս որոշմամբ լուծում են մինչեւ 14 տարեկան երեխա ունեցողների խնդիրը, իսկ մի քանի օրերի ընթացքում հերթը կհասնի նաեւ 14-ից բարձր տարիք ունեցող անչափահաս երեխա ունեցողներին:
Վարչապետը կառավարության ներկայացուցիչներին կոչ արեց բոլոր հինգ ծրագրերով աշխատել օր ու գիշեր, շաբաթ-կիրակի: «Չորեքշաբթի առավոտյան ժամը 9:00-ից այս բոլոր ծարգրերը պետք է հասանելի լինեն»,-ասաց նա: