Փաշինյան-Ավինյան հարաբերությունները լարված են
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Նորաշեն գյուղում թաղման ժամանակ տեղի ունեցած պատմությունն ավելի է լարել Փաշինյան-Ավինյան հարաբերությունները: Հիշեցնենք․ Ռուսաստանից եկած անձինք պարետատնից խնդրել էին` թույլ տալ մասնակցելու հարազատի թաղմանը։
Փաշինյանը, որն առանց այն էլ դժգոհ էր Ավինյանից, մանավանդ նրա՝ Ժորիկին պարետատնից հեռացնելու հրահանգին չենթարկվելուց հետո, Ավինյանին ու եղբորը նկատողություն է տվել, որ չեն կարողացել իրավիճակը վերահսկել՝ «իրենց մեղքով մի ողջ գյուղ վարակի օջախ է դառել»,- ասաց պարետատան մեր աղբյուրը:
Իսկ ոչի՞նչ, որ Փաշինյանի խոհարարի պատճառով էլ մի ողջ Մարմարիկ գյուղ էին փակել։ «Դե` հիմա. Ավինյանն ստիպված եղավ մարդկանց հոգեհանգստի հետ կապված նոր որոշում կայացնել` արգելել հարազատների մասնակցությունը։
Ի դեպ, Ավինյանի նկատմամբ անհանդուրժողականությունը շատ ավելի վաղուց է սկսվել, երբ Աղվան Հովսեփյանի հետ մասնակցեց «ՆԻԳ-Ապարանի» միջոցառմանը, անգամ ՔՊ վարչության նիստում էին քննարկել հարցը»։ Բայց այդ միջոցառմանը մասնակցում էր նաեւ Սամվել Ալեքսանյանը, որն Ավինյանի գլխից «զոնտիկը» շատ վաղուց տեղափոխել է Փաշինյանի գլխին. «Բոլոր դեպքերում Փաշինյանը գտնում է, որ Ավինյանը չի փոխվում, պահում է նախկինների հետ իր հարաբերությունները, չի գնում հեղափոխական արժեքների հետեւից»: