«Մի բան խոսաս՝ դանակը սիրտդ կմտցնեմ…». Ուզբոյի փեսան առևանգել է գործընկերոջը՝ պահանջելով...
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Մարտիրոսյանի և Արմեն Գրիգորյանի գործի դատական քննությունը:
Ամբաստանյալները մեղադրվում են նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով մարդու առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով:
Տուժողը՝ Վահրամ Ս.-ն, զբաղվում է ադամանդների ներկրմամբ: Նրա առևանգման կազմակերպման ու իրականացման համար մեղադրվում է նաև նրա նախկին գործընկեր Գագիկ Մ.-ն, ով ներկայումս գտնվում է հետախուզման մեջ:
Դատարանում հարցաքննվեց տուժող Վահրամ Ս.-ն:
Նա հայտնեց, որ ադամանդների ներկրումով զբաղվող ֆիրմա է բացել 2013 թվականին, ադամանդներ ներկրում է Էմիրաթներից ու Հնդկաստանից:
Ամբաստանյալներից՝ Ռոբերտին ճանաչել է, նրա հետ եղել է նորմալ հարաբերությունների մեջ, Արմենին ճանաչել է դեպքի բերումով:
2014 թվականից, չկարողանալով մերժել Գագիկ Մ.-ի ու նրա ընտանիքի բազմաթիվ խնդրանքները, նրան ներգրավել է ադամանդե քարերի ներկրման՝ իր բիզնեսի մեջ:
Մինչ այդ ինքը ցածր որակի ադամանդե քարեր չէր ներկրում կամ ներկրում էր շատ քիչ քանակությամբ: Իսկ Գագիկը կարողանում էր վաճառել ցածր որակի ադամանդե քարեր:
Մի քանի անգամ Վահրամը Գագիկին քարեր է տվել, նա վաճառել, գումարը հանձնել է Վահրամին, «վստահություն է ներշնչել»:
Վահրամը իր հետ Էմիրաթներ ու Հնդկաստան է տարել Գագիկին, իր անունով, իր կապերը օգտագործելով, պայմանագրով վերցրել է նաև ցածր որակի ադանանդե քարեր, տվել է Գագիկին, որ նա վաճառի:
Ըստ հնդիկների հետ ունեցած պայմանավորվածության՝ Վահրամը ադամանդները վերցրել է պայմանագրով, վաճառել ու գումարները մարել է. «Ես վստահություն ունեմ հնդիկների մոտ»:
Գագիկի համար ադամանդե քարեր վերցրել է իր անունով, Գագիկը վաճառել է: Աստիճանաբար նա սկսել է պարտքեր կուտակել. «հեքիաթներ էր պատմում, հետո նրան դանակահարեցին, էդ գործով էր անցնում, աշխատանքի չէր գալիս, զգում էի՝ մի բան էն չի անում…»:
Վահրամը սկսել է Գագիկին ավելի քիչ ապրանք տալ, հետը չէր տանում արտերկիր, ավելի հաճախ էր պահանջում պարտքերի մարում: «Ասում էի՝ սենց չի կարող շարունակվել, պիտի փակվես… 2015 թվականի հունիսի կեսերին մեր մեջ խոսակցություն եղավ, ասի՝ լավ չես աշխատում, պետք է գումարները վերադարձնես… Նա արդեն ինձ 50 հազար դոլար պարտք էր: Ասել էր՝ կտամ…»:
2015 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 12-ն անց 40-ին Վահրամին զանգել է Ռոբերտը, ասել է, թե գումար են ուղարկել՝ մոտ 12 հազար դոլար, որ Գագիկը պարտքի մի մասը մարի:
Մոտ 40 րոպե անց Ռոբերտը նորից է զանգել ու պայմանավորվել է Վահրամի հետ հանդիպել Խորենացու փողոցում՝ ոսկու շուկայի մոտ:
Վահրամն այնտեղ գնալով՝ տեսել է Գագիկի մեքենան: Վարորդի տեղում հենց Գագիկն էր նստած: Նա Վահրամին տեսնելով՝ առաջարկել է մեքենա նստել: Վահրամն էլ ասել է՝ նստելու բան չկա, արի գնանք բանկ, էդ գումարը ստանանք: Բայց Գագիկն ասել է, թե գումարը ստանալու համար պետք է մեկնեն Աբովյան, քանի որ գումարը, իբր, ռուսական ռուբլիով է ուղարկվել, իսկ Աբովյանի բանկում ծանոթ կա, ով շահավետ փոխարժեքով կարող փոխանակում կատարել:
Վահրամը ոչինչ չի կասկածել: Նստել է առջևի նստատեղին: Գագիկն ասել է՝ Ռուբոն գա ու գնանք:
Ռոբերտը դուրս է եկել ոսկու շուկայից, նստել է մեքենայի հետևի նստատեղին: Շարժվել են դեպի Աբովյան:
«Շանգրիլա»-ի մոտ Գագիկը ցույց է տվել, թե ուզում է զանգել, բայց, իբր, հեռախոսի մեջ գումար չկա: Ռուբոն ասել է, թե իր հեռախոսի մեջ էլ գումար չկա:
Վահրամը ոչինչ չկասկածելով՝ իր հեռախոսի բլոկը հանել ու հեռախոսը տվել է Գագիկին, որ զանգի: Գագիկը զանգել, ինչ-որ մեկի հետ խոսել է, հետո անջատել է Վահրամի հեռախոսը ու գցել է մեքենայի «կարկմանչիկը», ապա «գազ է տվել» ու արագացրել է մեքենայի ընթացքը:
Վահրամի անհանգստությանն ի պատասխան՝ Գագիկն ասել է, թե գնում են «լավ տղերքի մոտ»:
Վահրամը պահանջել է, որ Գագիկը մեքենան աջ քաշի ու կանգնի: Ասել է, թե այդ դեպքում ինքը կմոռանա տեղի ունեցածը, տաքսիով կվերադառնա Երևան: Գագիկը պատասխանել է. «Արդեն ուշ է»: Գագիկը Վահրամին զարմացրել է՝ ասելով, թե նա է իրեն պարտք: Ու եթե այդ «պարտքը» չտա, նրա աներ Ուզբոն ու Ռուբոն կգնան «լավ տղերքի մոտ» ու կասեն, որ Վահրամը Ուզբոյից 200 հազար դոլար է վերցրել ու չի տալիս:
Գագիկը խորհուրդ է տվել, որ Վահրամը լսի իր խորհուրդը, մտածի ընտանիքի, բիզնեսի անվտանգության մասին:
Երբ Վահրամը փորձել է նրան համոզել, որ հետ կանգնի սխալ քայլից, Գագիկը, ըստ Վահրամի, բարձրացրել է շորը ու կողքին ամրացված դանակ է ցույց տվել ու ասել է. «Մի բան խոսաս՝ դանակը սիրտդ կմտցնեմ»:
Հրազդանի մոտակայքում, ըստ Վահրամի, ինքը համոզել է, որ ավելի լավ կլինի երկուսով առանձին խոսեն: Գագիկը կանգնեցրել է մեքենան, Ռոբերտն իջել ու նստել է հետևից եկող «Սեդանը», ինչից Վահրամը հասկացել է, որ իրենց հետևողներ կան, ու ինքը վտանգավոր իրավիճակում է հայտնվել:
Նման պայմաններում նա վտանգավոր է համարել նաև փախուստի դիմելը, քանի որ չգիտեր՝ հետևից եկող մեքենայի մեջ քանի՞ հոգի կային, ովքե՞ր էին, ինքն էլ չէր կարող Հրազդանի դաշտերում վազել ու օգնություն խնդրել…
Վահրամը հայտնեց, որ Գագիկը բավական արագ էր վարում մեքենան: Հասել են Սևան:
Լճափին մի չաշխատող օբյեկտի մոտ կանգ են առել: Այնտեղ նրանց դիմավորել են Ռոբերտը, Արմենը ու ևս երկու հոգի, ովքեր իրենց հեռու են պահել, բայց ներկա էին:
Որոշ ժամանակ Վահրամը շարունակել է համոզել Գագիկին, որ հիմարություն չանի: Նա պատասխանել է՝ չէ:
Գագիկը, ըստ Վահրամի, պահանջել է… 100 հազար դոլար: Վահրամը զարմացել ու ասել է, որ Գագիկն է իրեն 50 հազար դոլար պարտք, բայց Գագիկը «ցինիկավարի» է պատասխանել՝ ասելով, թե Վահրամը նրան երկու տարի առաջ համոզել է, թե լավ աշխատելու դեպքում երկու տարում 100 հազար դոլար կունենա: Նա ասել է՝ բանուգործս թողել, էս գործով եմ զբաղվել ու հիմա պրոբլեմների մեջ եմ ընկել, ստիպված եմ հեռանալ Հայաստանից, բազմաթիվ դուշմաններ ունեմ…
Գագիկը պնդել է Վահրամին՝ դու ես ինձ 100 հազար դոլար խոստացել, ուրեմն էդքան պարտք ես ինձ…
Գագիկը հարցրել է Ռոբերտին՝ Վահրամը խո՞սք է տվել, Ռոբերտն ասել է՝ հա: Արմենն էլ ասել է՝ եթե խոսք ես տվել, ուրեմն՝ պիտի տաս…
Հետո Գագիկը Վահրամից պահանջել է նաև «Տուառեգ» մեքենան…
Վահրամն ասել է, թե 100 հազար դոլար չունի, մեքենան էլ չի տա: Գագիկը ասել է՝ էդ գումարի քարեր տուր:
Վահրամն ասել է՝ 100 հազար դոլարի քար չունեմ, նոր պիտի հանդիպեմ հնդիկներին, որ ապրանք ստանամ…
Վահրամը մտածել է՝ ժամանակ շահի, մինչև հասկանա, թե ինչ է կատարվում: Բայց Գագիկը, ըստ Վահրամի, ներվային շարժումներ է արել, ասել է՝ եթե Վահրամն իրեն 100 հազար դոլարի քար տա, ինքը դրանք ավելի էժան պիտի վաճառի, հետևաբար Վահրամն իրեն տալիք է… 150 հազար դոլարի ադամանդե քար: «Էս ի՞նչ ես անում»,- բացականչել է Վահրամը: Գագիկը «լավություն անողի» կեցվածքով ասել է. «Լավ, 120 հազար դոլարի քար կտաս, գործ անող մարդիկ ենք…»:
Երկուսուկես ժամ մնացել են Սևանում, ի վերջո Վահրամն առերևույթ համաձայնել է: Գագիկն ասել է Վահրամին. «Խելացի տղա ես, քեզ պրոբլեմների մեջ գցեցիր»: Վերադարձել են Երևան, վերադարձրել են Վահրամի հեռախոսը:
Ճանապարհին, ըստ Վահրամի՝ Գագիկը սպառնացել է իրեն. «Ազգուտակով բռնել կտամ, քեզ կկործանեմ…»:
Վահրամի ցուցմունքի համաձայն՝ մեկ օր է անցել, մինչև ինքն ուշքի է եկել: Ծանոթ ուներ, որ աշխատում էր ԱԱԾ-ում: Հանդիպել ու պատմել է գլխին եկածը: Երկու օր հետո ծանոթի հետ գնացել է ԱԱԾ Էրեբունու բաժին: Այնտեղ ասել են, թե Վահրամն իր ասածները չի կարողանա ապացուցել, հետևաբար պիտի շարունակի «խաղալ»:
Գագիկը պարբերաբար զանգել է Վահրամին ու զգուշացրել է, որ նա «ուրիշ քայլեր» չձեռնարկի:
Օգոստոսի 12-ին Վահրամը Գագիկի հետ մեկնել է Դուբայ՝ ադամանդե քարեր ձեռք բերելու: Միայն թե Վահրամի գործողությունները մշակված էին ԱԱԾ-ում: Վահրամը ադամանդե քարերի մեծ մասը պիտի փոստով ստանար: Գագիկը, ըստ Վահրամի, իրեն շատ ինքնավստահ էր զգում, էնտեղ «թանկուէժան էր անում»:
Երբ վերադարձել են Երևան, Վահրամը մաքսատնից երկար ժամանակ չի ստացել ուղարկված քարերը:
Օգոստոսի 22-ին Վահրամը հաղորդում է տվել Գագիկի ու նրա ընկերների կողմից իրեն շահադիտական դրդումներով առևանգելու վերաբերյալ:
Ըստ Վահրամի՝ Գագիկը ծանոթ քննիչներ ուներ, մանրամասնորեն իմացել է Վահրամի հաղորդման մասին, նրան հրավիրել է հանդիպման: Սկզբում պահանջել է թուղթ գրել, որ Վահրամն իրեն 120 հազար դոլար է պարտք: Երբ Վահրամը չի համաձայնել, նա առաջարկել է գոնե թուղթ գրել, որ ինքը Վահրամին 50 հազար դոլար պարտք չէ: Վահրամը համաձայնել է՝ իմանալով, որ գործը համարյա բացահայտված է, իր գրած թուղթը կապ չունի:
Գագիկը մանրամասն խոսել է Վահրամի բոլոր քայլերի մասին, ու Վահրամը համոզվել է, որ Գագիկը լավ կապեր ունի քննչական մարմիններում: Նա ավելի է անհանգստացել իր ընտանիքի, իր, իր բիզնեսի անվտանգության համար, դիմել է համապատասխան ընկերությանը՝ իրեն թիկնապահ տրամադրելու հարցով:
Ժամանակ շահելու համար Վահրամը ոստիկանությունում նաև դիմում է գրել, թե իրեն իրականում չեն առևանգել, ընկերները «հանաք են արել»:
Սեպտեմբերի սկզբին Վահրամին զանգել ու նրա հետ հանդիպել է Ռոբերտ Մարտիրոսյանը, ասել է, թե ինքը Վահրամի թշնամին չէ, Գագիկից վախենալով է նրա հետ եղել:
Վահրամը հաղորդագրություններ է ստացել Գագիկից ու նրա մերձավորներից՝ դու քցող ես, փախնում-միլիցեքի հետևում ես պախկվում…
Վահրամն ասաց, թե հիմա ինքը աստիճանաբար իր փողով փակում է Գագիկի պատճառով հնդիկներին ունեցած պարտքը:
Կոնկրետ ամբաստանյալներ Ռոբերտի ու Արմենի գործողությունների մասին Վահրամն ասաց, թե Ռոբերտը առանձնապես լուրջ դերակատարում չի ունեցել, նա Սևանում գլուխը շարժելով դեսուդեն էր գնում, միայն հաստատել է Գագիկի ասածը, թե ինքը խոսք է տվել երկու տարվա ընթացքում Գագիկի կողմից 100 հազար դոլար աշխատելու վերաբերյալ: Արմենն էլ ասել է՝ խոսք ես տվել, ուրեմն պարտք ես:
Ռոբերտը, ըստ Վահրամի, ցանկանում էր Գագիկի աչքին լավ երևալ: Ռոբերտը Վահրամի սանիկի ընկերն էր, նա էլ էր Վահրամին «քավոր» ասում: Գագիկն էլ անընդհատ Վահրամին ասում էր, թե նա իր երեխաների կնքահայրն է լինելու, միայն թե Վահրամն անընդհատ ձգձգում էր, ինչ-որ բան կար, որ նրան կասկածելի էր թվում Գագիկի գործողություններում…
Մի գիշեր Ռոբերտը զանգել է Վահրամին, հանդիպել ու ինֆարկտ տարած հոր սրտի վիրահատության համար 100-120 հազար դրամ է խնդրել: Վահրամը տվել է այդ փողը, հետո հետ չի վերցրել՝ իր կողմից այդ գումարը օգնություն համարելով Ռոբերտի ընտանիքին: Մի երկու անգամ նա Ռոբերտին ադամանդե քարեր է տվել, վերջինս վաճառել, գումարը տվել է Վահրամին:
Ըստ Վահրամի՝ Գագիկի պարտքը գոյացել էր, որովհետև նա մսխել էր ադամանդե քարերի վաճառքից ստացված գումարը՝ տուն, մեքենա էր առել: «Չէի ասի՝ Գագիկն ու Ռոբերտն ընկերներ էին, Գագիկը միշտ վերևից էր նայում Ռոբերտին»:
Վահրամին ԱԱԾ-ում ասել են, թե Գագիկը ամեն բան լավ կազմակերպված է արել, ապացուցողական բազա չկար, «մնացածը, այդ թվում Գագիկի հետ Դուբայ գնալը, ես իմ ռիսկով եմ արել»:
«Ես բողոք ունեմ Գագիկի կազմակերպած ամեն ինչի դեմ: Դատարանը թող որոշի՝ ամեն մեկը ինչ մեղք ունի»,- ասաց Վահրամը՝ պատասխանելով Ռոբերտ Մարտիրոսյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Թ. Բաղդասարյանի հարցին՝ բողոք ունի՞ տուժողը Ռոբերտի դեմ:
Արմեն Գրիգորյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ անթույլատրելի ապացույց ճանաչել ու մեղադրանքի հիմքից հանել Գագիկ Մ.-ի ու Վահրամ Ս.-ի բջջային հեռախոսների մուտքային և ելքային զանգերը գաղտնալսելու ամփոփագրերն ու արձանագրությունները, քանի որ դրանք պատճենահանված են մեկ այլ քրեական գործից, այս գործով որոշում չի կայացվել իր պաշտպանյալ Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցները գաղտնալսելու վերաբերյալ: Գաղտնալսվել են Վահրամի առևանգումից չորս-հինգ ամիս առաջվա խոսակցությունները՝ այլ գործի շրջանականերում:
Այս միջնորդության քննարկումը դատարանը հետաձգեց:
Հաջորդ դատական նիստին ցուցմունք կտան նաև ամբաստանյալները, եթե, իհարկե, ցանկանան դատարանում ցուցմունքներ տալ: