Ծովային ճանապարհորդությունների ժամանակ դիտված 3 ամենախորհրդավոր անհայտացումները
ՖՈՏՈ2000 թվականից սկսած՝ ծովային ճանապարհորդությունների ընթացքում մոտ 300 մարդ անհայտ կորել է: Ձեզ ենք ներկայացնում 3 ամենախորհրդավոր անհայտացումները՝
Էմի Լինն Բրեդլի
1998 թվականին 23-ամյա ամերիկուհի Էմի Լինն Բրեդլին անհետ կորել է Royal Caribbean International ընկերության նավով ընտանիքի հետ ճանապարհորդելու ընթացքում: Վաղ առավոտյան հայրը տեսել է Էմիին իրենց խցի պատշգամբում քնած, բայց աղջկա քունը չխանգարելու նպատակով՝ նրան չի արթնացրել: Կես ժամ անց հայրը վերադարձել է, բայց աղջկան չի գտել: Էմիի ընտանիքը դիմել է նավի անձնակազմին՝ խնդրելով գտնել աղջկան, քանի որ կասկածում էր, որ նրան առևանգել են: Նավի անձնակազմը, սակայն, ոչնչով չի արձագանքել: Այդ օրվանից սկսած՝ Էմին համարվել է անհետ կորած, իսկ Բրեդլիների ընտանիքը մինչև հիմա գտնում է, որ վերոնշյալ նավի անձնակազմը կատարվածին քաջատեղյակ է եղել: Նրանք կարծում են, որ աղջկան նավից հանել ու վաճառել են: Դեպքից մեկ տարի անց ընտանիքին տեղեկացրել են, որ մի նավաստի Բարբադոսի հասարակաց տներից մեկում հանդիպել է Էմի անունով մի աղջկա, ում՝ խոսքերը լսելուն պես՝ տարել են, և նավաստին նրան այլևս չի տեսել: Էմին մինչ օրս չի գտնվել:
Մերրիան Կարվեր
2004 թվականի օգոստոսին 40-ամյա ամերիկուհի Մերրիան Կարվերը Royal Caribbean Cruises ընկերության Celebrity Cruises նավով Սիեթլից Ալյասկա է ուղևորվել: Նա մենակ է ճանապարհորդել, քանի որ դուստրը նախկին ամուսնու մոտ՝ Անգլիա, էր մեկնել: Մայրիկի հետ կապվելու անհաջող փորձերից հետո աղջիկը զանգել է տատիկին ու պարզել, որ վերջինս չի իմացել Մերրիանի ծովային ճանապարհորդության մասին: Իսկ նավում կնոջ անհետացման մասին իմացել են, երբ նավը հասել է Ալյասկա: Մերրիանի իրերը գտել են նրա խցում, ապա դրանց մի մասը՝ թափել, մյուսով բարեգործություն են արել: Royal Caribbean Cruises ընկերությունը հայտարարել է, որ ՀԴԲ-ն հաստատել է՝ Մերրիանի անհետացման մեջ հանցագործության մասին ապացույց չկա, և ամենայն հավանականությամբ, կինը տախտակամածից ցած նետվելով՝ ինքնասպանություն է գործել: Մերրիանի ընտանիքը, սակայն, դրան չի հավատում՝ պնդելով, որ նա հաջողակ կին էր և այդ քայլին դիմելու հիմքեր չուներ: Մինչև օրս ոչ ոք չգիտի, թե ի վերջո, այդ չարաբաստիկ ճամփորդության ընթացքում ինչ է կատարվել Մերրիանի հետ:
Ջորջ Ալլեն Սմիթ
2005 թվականին ամերիկացի նորապսակ Ջորջ Սմիթը կնոջ՝ Ջենիֆեր Հեյգելի հետ երկշաբաթյա ծովային ճանապարհորդություն կատարելիս անհետ կորել է: Հնարավոր հանցագործության մասին վկայող արյան հետքեր են հայտնաբերել ինչպես տախտակամածին, այնպես էլ՝ Ջորջի սենյակում: Կարծիքներ կան, որ տղամարդուն ծովն են գցել: Վկայությունների համաձայն՝ վերջին անգամ նրան 2 տղամարդկանց հետ զրուցելիս են տեսել: Հետագայում լուրեր են տարածվել, իբրև Ջորջին կողոպտել ու սպանել են: Ջենիֆերը, որը 2009 թվականին կրկին ամուսնացել էր, նշել է, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար էր, քանի որ նախկին ամուսինը գտնվել է հարբած վիճակում: 2006 թվականին Royal Caribbean ընկերությունը համաձայնվել է 1,1 մլն դոլար վճարել այրի Ջենիֆերին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը