Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է. նոր մանրամասներ (լուսանկար)
ՖՈՏՈՌուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է: Նա գիտակցությունը կորցրել է դեռևս ինքնաթիռում, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում ասել է գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
«Ասաց, որ իրեն վատ է զգում, ինձնից անձեռոցիկ խնդրեց, նա ամբողջովին քրտնել էր։ Խնդրեց, որ խոսեմ հետը, քանի որ ցանկանում էր կենտրոնանալ ձայնի վրա»,- ասել է Յարմիշը՝ նշելով, որ ջուր է առաջարկել, ինչից ընդդիմադիր գործիչը հրաժարվել է և փոխարենը գնացել է զուգարան, որտեղ էլ կորցրել է գիտակցությունը։
Գործչի մամուլի քարտուղար Յարմիշն ավելի վաղ գրել էր, որ ընդիմադիր գործչին թունավորել են, նա, հավանաբար, թունավորվել է թեյի մեջ առկա ինչ-որ բանից:
«Դա միակ բանն է, որ նա առավոտյան խմել է. բժիշկներն ասում են, որ թույնը տաք հեղուկի միջոցով արագ է ներծծվել։ Այժմ Ալեքսեյն անգիտակից վիճակում է»,- ասել էր Յարմիշը։
S7 ավիաընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռում քաղաքական գործիչը ոչինչ չի կերել և չի խմել:
Մի շարք լրատվականներ հայտնում են, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով: Հիվանդանոցի բժիշկների փոխանցմամբ՝ անալիզների արդյունքները պատրաստ կլինեն օգոստոսի 20-ի ցերեկը։
Հաղորդվում է, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։ Սրճարանի սեփականատերը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ կպարզի բոլոր հանգամանքները և կուսումնասիրի տեսախցիկների տեսագրությունները: Տոմսկի տրանսպորտային ոստիկանությունը ստուգում է սկսել օդանավակայանում։ Հիվանդանոցի տարածքը, որտեղ գտնվում է Նավալնին, հսկում են ոստիկանները։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Ալեքսեյ Նավալնին հիվանդանոց էր տեղափոխվել Մոսկվայի հատուկ կացարանից, որտեղ վարչական կալանք էր կրում: Նրան հիվանդանոց եէին տեղափոխել «սուր ալերգիկ ռեակցիա» ախտորոշմամբ։