Այս տարի նորաձեւ են լայն փողքերով տաբատներն ու բլուզները
ՖՈՏՈArmlur.am-ը գրում է.
Ոճաբան-դիզայներ Արայիկ Գաբաջյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է ամառային թրենդների եւ հակաթրենդների մասին: Գաբաջյանի խոսքով` այս տարի առհասարակ նորաձեւությունից դուրս են մնացել ջինսե կիպ տաբատները:
-Արայի’կ, այս շրջանում ի”նչ նորություններ ունեք։ Նոր հավաքածու արդեն ունե՞ք:
-Այս սեզոնին նորություններս շատ-շատ են: Շուտով կտեսնեք մի քանի կապսուլատին հավաքածուներ, որոնք կցուցադրվեն լուսանկարների տեսքով հայտնի մարդկանաց մասնակցությամբ:
-Ձեր գործունեության եւ առհասարակ նորաձեւության վրա ի՞նչ ազդցություն է ունեցել համաճարակը:
-Համաճարակը շատ վատ է անդրադարձել նորաձեւության աշխարհի վրա: Խոշոր նորաձեւության տներն իրենց հավաքածուները կարողացան ցուցադրել շատ սահմանափակ քանակությամբ, այն էլ օնլայն տարբերակով: Հանգստին վերաբերվող կոլեկցիաները շատ քիչ էին, եւ բացի դա, չվաճառվեց, քանի որ շատերն այս տարի չմեկնեցին հանգստի: Կարծում եմ՝ միայն այն փաստը, որ աշխարհում 1011 «Զառա» ապրանքանիշի խանութ սրահի փակվելը վկայում է նորաձեւության բիզնեսի անկման մասին:
– Ամառային ի՞նչ թրենդներ են այս տարի ավելի ակտուալ։
-Այս տարի շատ նորաձեւ են մեծ թեւերով, թափանցիկ գործվածքով բլուզները. լայն փողքերով տաբատներն ու կիսատաբատները, շորտերը:
-Ո՞ր մոդելի զգեստներն ու աքսեսուարներն ավելի մեծ եւ որոնք ավելի փոքր տարածում ունեն:
-Դժվար է ասել, թե որ մոդելներն ավելի տարածում են, որոնք են ավելի քիչ, բայց հստակ կարող եմ ասել դիմակների լայն ընտրության եւ տարածման մասին:
-Իսկ ո՞ր լողազգեստներն են այս ամառ ավելի թրենդային:
-Լողազգեստներից ավելի թրենդային էին բիկինիի հատվածում ավելի լայն բացվածք ունեցողները, որոնք կարծես արծաթափայլ ֆոլգայից լինեն եւ հատկապես գերակշռում են կարմիր գույնը:
-Իսկ որո՞նք են հակաթրենդները։
-Հակաթրենդներ են համարվում ջինսե տաբատ շորտերը, կարճ` որովայնը կիսաբաց տոպերը, եւ առհասարակ մարմինն ընդգծող հագուստները: