Մասնագետը նշել է՝ որ հիվանդություններն են հաճախ փոխակերպվում քաղցկեղի
ՖՈՏՈՔաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Այս հիվանդության բուժման արդյունավետությունը կախված է դրա վաղ ախտորոշումից, քանի որ բուժումը ժամանակին չսկսելու դեպքում չարորակ նորագոյացությունը կարող է տարածվել ու ախտահարել նաև այլ օրգանները, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ հազվադեպ են ժամանակին նկատում հիվանդության մասին հուշող ախտանշանները։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են զգոն լինել ու անել հնարավոր ամեն բան հիվանդության կանխարգելման համար։
Քաղցկեղի զարգացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին խուսափել դրա զարգացմանը նպաստող գործոններից, սակայն քչերին է հայտնի, որ այդ գործոնների շարքին կարող են դասվել նաև որոշակի հիվանդությունները, որոնք ժամանակի ընթացքում կարող են վերափոխվել քաղցկեղի։
Հանրահայտ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Ամենակարևորի մասին» («О самом главном») հաղորդաշարի եթերում նշել է այն հիվանդությունները, որոնք առավել հաճախ են վերածվում քաղցկեղի։ Մասնագետի խոսքով՝ առավել զգոն է հարկավոր լինել այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են.
- վիրուսային հեպատիտները,
- մարդու պապիլոմավիրուսը,
- գաստրիտը կամ խոցերը,
- աղիների բորբոքային հիվանդությունները,
- թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը։
Մասնագետն ընդգծում է, որ հեպատիտ В-ից և մարդու պապիլոմավիրուսից կարելի է խուսափել ժամանակին պատվաստումները ստանալու դեպքում։ Ինչպես նշում է Մյասնիկովը, այս պատվաստումները կօգնեն հետագայում նվազեցնել լյարդի քաղցկեղի ու արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հավանականությունը։
Գաստրիտի ու խոցային հիվանդության դեպքում բժիշկը խորհուրդ է տալիս խուսափել աղի մթերքից, քանի որ նման մթերքի գործածությունը բարձրացնում է այս հիվանդությունների՝ քաղցկեղի վերափոխվելու հավանականությունը։
Մյասնիկովը նախազգուշացնում է, որ քաղցկեղը հարկավոր է կանխել ոչ թե արդեն իսկ զարգանալուց հետո, այլ ռիսկային գործոնների առկայության դեպքում։ Սա է պատճառը, որ վերոնշյալ հիվանդությունների առկայության դեպքում հարկավոր է անպայման պարբերաբար բուժզննում անցնել ու անհապաղ դիմել մասնագետին որևէ կասկածի դեպքում։
Խոսելով քաղցկեղի առավել ագրեսիվ ու վտանգավոր տեսակների մասին՝ բժիշկն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել թոքերի քաղցկեղին։ Այս հիվանդության զարգացման հավանականությունը զգալիորեն բարձրանում է պարբերաբար խարույկի կամ ծխախոտի ծուխը շնչելու դեպքում, ուստի հիվանդության կանխարգելման համար հարկավոր է խուսափել այս գործոններից։