Ավստրալիայում երկու պիթոնի պատճառով տան առաստաղը փլվել է
ՖՈՏՈՎերադառնալով տուն՝ ավստրալացին զարմանքով հայտնաբերել է, որ իր խոհանոցի առաստաղը փլվել է երկու մեծ պիթոնի ծանրության տակ:
Դեւիդ Թեյթը մտել է Լեյսիս Քրիքում գտնվող իր տուն եւ խոհանոցի սեղանի վրա առաստաղի մի մեծ կտոր գտել: «Ես գիտեի, որ անձրեւ չի եղել, ուստի շուրջս նայեցի` պարզելու, թե ինչն է փլուզման պատճառը»,- Nine Network հեռուստաալիքին ասել է Թեյթը:
Շուտով նա հայտնաբերել է երկու մեղավորներին՝ 2,8 մետրանոց եւ 2,5 մետրանոց ոչ թունավոր պիթոնների, որոնք սողոսկել էին ննջասենյակ եւ հյուրասենյակ: Օձերի ենթադրյալ ընդհանուր քաշը 45 կիլոգրամ էր:
Օձեր որսացող Սթիվեն Բրաունին կանչել են, որպեսզի տանի անկոչ հյուրերին:
«Ես ենթադրում եմ, որ երկու արուները կռվել են տանիքում գտնվող էգի համար»,- ասել է Բրաունը: Նա կասկածում էր, որ այդ էգը կարող է դեռ գտնվել տանիքում կամ մոտակայքում:
Արուներին վերադարձրել են վայրի բնություն, սակայն էգին այդպես էլ չեն գտել: