«Հաճախ տեսնում եմ՝ Մաքսը կրկնում է արածս». Վարդան Հովսեփյանը` որդու 2-ամյակը նշելու, նրա դաստիարակության և նախասիրությունների մասին
ՖՈՏՈԴերասան Վարդան Հովսեփյանի որդին` Մաքսը, երեկ դարձել է 2 տարեկան: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ որդու ծննդյան օրը նշել են մի քանի ընկերների և բարեկամների հետ:
«Ներկա էին նաև տղայիս ընկերները: Նա նախօրոք ասել էր, թե ում է ցանկանում հրավիրել: Երեկ այնքան ուրախ էր, մինչև երեկո պարեց: Տորթի դիզայնը կենդանիների թեմայով էինք ընտրել, որովհետև Մաքսը դեռ մի քանի ամսական էր, կենդանիների շատ էր սիրում: Դրսում շուն տեսնելիս ուզում է գրկել, համբուրել: Երբ իրեն առաջին անգամ կենդանաբանական այգի տարանք, շատ էր ուրախացել, ուզում էր բոլոր կենդանիներին սիրել»,-ասաց Վարդանը:
Նա նշեց, որ երեխայի ծննդից հետո իր կյանքը շատ է փոխվել. «Առավոտյան գալիս է, ինձ արթնացնում, ասում` «պապա», դա ամեն ինչ արժե: Լինում է՝ գալիս ու պառկում է իմ ու կնոջս մեջտեղում, այն էլ հորիզոնական դիրքով: Մեզ գրեթե տեղ չի մնում, բայց չենք տեղաշարժում իրեն, որ չարթնանա»:
Դերասանի խոսքով` երբ գնումների են գնում, Մաքսն ինքն է ընտրում, թե ինչ գնեն իր համար: «Տանն էլ ինքնուրույն է ընտրում, թե ինչ հագուստ պետք է հագնի: Շատ ինքնուրույն, հետաքրքիր բալիկ է: Արդեն գիտի հայերեն այբուբենը, անգլերենն էլ գիտի, ուղղակի տառերի տեղերը խառնում է, կարողանում է նաև հաշվել մինչև 10-ը,-ասաց նա և հավելեց, որ այս դարում ինչպես շատ երեխաներ, Մաքսն էլ հեռախոսներ սիրում է,- դիտում է մուլտֆիլմեր, տեսանյութեր կենդանիների մասին: Դեռ առանց մեր օգնության չի կարողանում հեռախոսը միացնել, բայց երբ մենք միացնում ենք, ինքնուրույն կարողանում է գտնել տեսանյութերը: Նույնիսկ տեսանյութի ընթացքում միացող գովազդն է ինքուրույն հեռացնում»:
Ըստ Վարդանի` 21-րդ դարի երեխաները շատ զարգացած, մեխանիկորեն ինֆորմացված են, կարծես, այդպես ծնված լինեն:
«Մեր ժամանակ այսքան ինֆորմացիա չի եղել, մեզ մեծացնելը բարդ է եղել: Այսօր աշխատանքը, հնարավորությունները շատ են, որ ծնողները կարողանան երեխաներին լավ մեծացնել: Ցանկացած դեպքում ծնողի դերը շատ կարևոր է, պետք է շատ ուշադիր, զգույշ լինել: Հաճախ ինչ-որ բան եմ անում, հետո տեսնում եմ, որ Մաքսը կրկնում է, նա ամեն վայրկյան կարող է ընդօրինակել ինձ: Եղել է` կնոջս հետ մի փոքր բարձր խոսել ենք ու նկատել եմ Մաքսի հայացքի փոփոխությունը: Թեման արագ փոխել ենք ու նկատել եմ, որ երեխան արդեն վերադառնում է իր հին հայացքին»,-ասաց Վարդանը:
Նա ընդգծեց, որ դաստիարակության գործոնը շատ կարևոր է, պետք է բացատրել, թե ինչու այս կամ այն բանը չի կարելի անել. «Օրինակ` ջրով լի բաժակը լցնում է հատակին: Պետք է բացատրել, որ չի կարելի, քանի որ տատիկը կգա ու կընկնի: Եթե ուզում է ջուր լցնել, ես չեմ արգելում: Կարելի է լցնել, բայց դրսում, ծառի տակ: Այդ դեպքում տեսնում եմ, որ մի քանի անգամից հետո երեխան հենց այդպես էլ անում է»: