Վարուժան Բաբաջանյանը` ԱԺ պատգամավո՞ր. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Orer.am կայքի սեփականատեր Վարուժան Բաբաջանյանը, որը 2012-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում Նոյեմբերյանի տարածաշրջանն ընդգրկող թիվ 40 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու էր առաջադրվել, 2017 թվականին ևս պատրաստվում է առաջադրվել: Սակայն այս անգամ նա պետք է ընտրի որևէ կուսակցության, որպեսզի Տավուշի մարզի տարածքային ցուցակով առաջադրվի: Վարուժան Բաբաջանյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում չբացառեց 2017 թվականի ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը: Ըստ Բաբաջանյանի՝ ներկայումս մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կոնսուլտացիաներ են ընթանում: Թե կոնկրետ որ քաղաքական ուժերի մասին է, նա չհստակեցրեց՝ նշելով միայն, որ իշխանական կուսակցությունների հետ համագործակցելու մասին անգամ խոսք լինել չի կարող:
Հավելենք,որ Բաբաջանյանը, որ նախորդ ընտրություններում 35 տոկոս ձայն հավաքելով պարտվեց վաղամեռիկ Հրանտ Վարդանյանի հովանավորյալին, հիմա ռեալ շանս ունի առավել մեծ թվով ձայներ հավաքելու: Ինչպես հայտնի է՝ Վարդանյան եղբայրների հեղինակությունը լուրջ անկում է ապրել, ու դժվար թե նրանք հաջողեն տարածաշրջանում: Հավելենք որ Բաբաջանյանը Երևանում և Տավուշում մի շարք բիզնեսներ ունի:
Առավել մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում