Տնտեսական «բոլոլան» շարունակվում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՏնտեսական անկումը խորանում է, բիզնեսի ներկայացուցիչներն ամեն օր ահազանգում են իրենց շրջանառության ծավալների նվազման մասին, զանգվածաբար աշխատատեղեր են փակվում, մարդկանց եկամուտները նվազում են, դժգոհությունները աճում։ Սակայն արի ու տես, որ իշխանությունը և նրա ղեկավարն ամեն ինչ անում են, համոզելու համար, որ «մածունը սև է»։ Փակվող աշխատատեղերի պաշտոնական վիճակագրական ցուցանիշներին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ։
Օրերս հերթական անգամ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ճգնաժամ և սոցիալական կոլափս չկա, աշխատատեղերը ավելացել են, ոչ թե պակասել, մարդկանց եկամուտներն էլ աճել են, ոչ թե նվազել։ Մի կողմ թողնենք, որ այս տարվա ապրիլին նա հայտարարում էր, որ ճգնաժամն անխուսափելի է, իսկ հիմա՝ հերքում դրա գոյությունը, որ ամեն օր կառավարության շենքի առջեւ բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Դառնանք սոցիալական վիճակի վատթարացման մասին նրա ընկալմանը։ Ըստ Փաշինյանի, սոցիալական վատթարացման մասին կարող ենք դատել ՀԴՄ-ներով երևացող առևտրի շրջանառությամբ։ Այստեղ, նրա հավաստմամբ, օգոստոսին անցյալ տարվա օգոստոսի համեմատ նվազել է 2,5 տոկոսով, և դա հիմք է տալիս ասել, թե սոցիալական ճգնաժամ չկա։ Նախ՝ ընդամենը 2,5 տոկոս ՀԴՄ-ների շրջանառության նվազումը, մեղմ ասած, չափազանց վիճելի է։ Հերթական անգամ կառավարության ղեկավարը ցուցանիշ է հրապարակում մինչև պաշտոնական վիճակագրության կողմից այն հրապարակվելը։ Սա շատ վատ սովորություն է դարձել նրա մոտ։
Այդուհանդերձ, երբ միայն մայրաքաղաքի կենտրոնական երեք փողոցներում միասին վերցրած մի քանի տասնյակ կոմերցիոն տարածքների ապակիներին «Տրվում է վարձով» կամ «Վաճառվում է» հայտարարություններ են հայտնվում, այսինքն այդքան առևտրի և սպասարկման օբյեկտներ են փակվում, երբ երբեմնի մարդաշատ տոնավաճառներում գերեզմանային լռություն է տիրում, ասել, թե ՀԴՄ-ներով ընդամենը 2,5 տոկոսով է շրջանառություն նվազել, նշանակում է ծաղրել մարդկանց, որոնց թվում նաև իր երբեմնի «հպարտ» քաղաքացիներին։
Երկրորդը, քանի դեռ չեն հրապարակվել օգոստոս ամսվա ցուցանիշները, առևտրի և ծառայությունների ոլորտում անկման մակարդակը պատկերացնելու համար մեջբերենք հուլիս ամսվա պաշտոնական վիճակագրության ցուցանիշները։ Հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ առեւտրի շրջանառությունը նվազել է 10,4 տոկոսով, ծառայություններինը՝ 21,6 տոկոսով։ Օգոոստոսին այս ցուցանիշներն առանձնապես էական փոփոխությունների չեն ենթարկվել, եթե իհարկե ավելի չեն վատացել։ Հարց է առաջանում, ինչպե՞ս է շրջանառության ընդամենը 2,5 տոկոս նվազում արձանագրվում ՀԴՄ-ներով, եթե իրական անկումը վերոնշյալ ոլորտներում երկնիշ թվերով է բնութագրվում։
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ամեն խաբեությունից հետո իրեն դեռեւս վստահողների թիվը նվազում է եւ որ անվերջ խաբելը ոչ մի լավ բանի չի բերելու։ Եվ էլի մի բան, որ պետք է հասկանա վարչապետի աթոռին հայտնված և արդեն երկու տարի նստող մարդը՝ բավական է ՀԴՄ-ներով պատկերացում կազմել տնտեսական կամ սոցիալական վիճակի մասին, բավական է ՀԴՄ-ներով պայմանավորել երկրի զարգացումը։
Անդրանիկ Կիրակոսյան