«Փաստ»․ Աշակերտների եռօրյա «գրաֆիկի» հարցը դպրոցի որոշելիքն է
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ««Փաստ» թերթը տարբեր դպրոցներից ու ծնողներից դժգոհություններ է ստանում, որ առ այսօր անորոշ է աշակերտների՝ դպրոց գնալու գրաֆիկի հարցը այն դպրոցներում, որտեղ ոչ թե երկհերթի են անցել, այլ եռօրյայի: Այսինքն՝ երկու խմբի բաժանված դասարանների մի խումբը դասի է գնում, օրինակ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, մյուսը՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ:
Սակայն այս օրերին դպրոցներում տեղեկություններ էին տարածվում, որ ԿԳՄՍ նախարարությունը առաջարկել է ամեն շաբաթ նշյալ հերթագայությունը փոխել: Անհանգստությունն այն է, որ այդպես փոխելու դեպքում աշակերտը մի շաբաթ կհանգստանա միայն մեկ օր (կիրակի), մյուս շաբաթ՝ չորս օր (շաբաթ, կիրակի, երկուշաբթի): Հարցի հետ կապված պարզաբանում ստանալու նպատակով «Փաստը» դիմեց ԿԳՄՍ հանրակրթության վարչություն, որտեղից պատասխանեցին հետևյալը. «Ուղեցույցի մեջ հստակ, շատ մանրակրկիտ ներկայացված է: Դպրոցների հետ կապի մեջ ենք, այս հարցի հետ կապված մենք խնդիր չունենք:
Դասերը 6 օր են, ամեն խումբը գնում է 3 օր՝ մեկ ու մեջ: Մենք առաջարկել էինք, որ հաջորդ շաբաթ խմբերը տեղերով փոխեն, որպեսզի չստացվի, որ մի խումբն ամեն շաբաթ օրը գնա դասի, իսկ մյուս խումբն ուրբաթ օրն ավարտում է դասերը և շաբաթ-կիրակի միշտ մնում է տանը, չնայած, որ մյուս խումբը գնում է շաբաթ օրը, բայց դրա փոխարեն երկուշաբթի չի գնում: Այսինքն՝ բոլոր դեպքերում երկու օր հանգստանում է: Այդ առումով խնդիր չկա, բայց որպեսզի հոգեբանորեն չնեղվեն, առաջարկել էինք այդպես անել: Ստացվում է, որ մի խումբը գնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, մյուս խումբը՝ հաջորդ երեք օրերին: Հետո հաջորդ շաբաթ տեղերով կարող են փոխվել, դա արդեն դպրոցի որոշելու խնդիրն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: