Վանաձորում մահացած ծննդկանը ծննդաբերությունից հետո կես ժամ միայնակ է մնացել և արնաքամ եղել. ազգականը մեղադրում է բժիշկներին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸTert.am-ը գրում է.
Վանաձորում մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանը ծննդաբերությունից կես ժամ անց հիվանդասենյակում միայնակ է մնացել և օգնության կանչել տան անդամներին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հռիփսիմե Նազլուխանյանի հորաքրոջ աղջիկը՝ Ռիտա Մնացականյանը:
«Ծննդկանի մահը բժշկական սխալի հետևանք կարող է լինել: Հռիփսիմե Նազլուխանյանն արնահոսել է: Ծննդաբերությունից հետո գնացել ենք տուն, կես ժամ անց նա զանգել և ասել է՝ հասեք, շատ վատ եմ, մոտս մարդ չկա, արյունահոսում եմ»,-ասաց Ռիտա Մնացականյանը և հավելեց, որ երբ տան անդամները գնացել են հիվանդանոց բժիշկներն ուղարկել են պլազմայի հետևից և սպասել են, որ ծննդկանի բժիշկը վերադառնա հիվանդանոց:
Հարցին, թե նախքան ծննդաբերությունը Հռիփսիմե Նազլուխանյանը առողջական խնդիրներ ունեցել է, Ռիտա Մնացականյանն ասաց, որ բողոքներ չի ունեցել, սակայն կոնքային հատվածի նեղ լինելու պատճառով 21 օր պառկել է հիվանդանոցում. «Դավիթ Շահվերդյանը, ում հսկողության տակ է եղել Հռիփսիմեն, նրան 21 օր պառկեցրել է հիվանդանոցում՝ ասելով, որ կոնքը նեղ է, տարիքն էլ մեծ: Հռիփսիմե Նազլուխանյանը 31 տարեկան էր, և սա նրա առաջին ծննդաբերությունն էր»:
Ռիտա Մնացականյանը պատմեց, որ 42 շաբաթական հղիության փուլում Հռիփսիմե Նազլուխանյանի մոտ երկունքի ցավեր չեն առաջացել, և բժիշկները որոշել են դեղորայքի միջամտությամբ երկունքի ցավեր առաջացնել. «Երբ Հռիփսիմեին հարցրինք , թե կեսարյան հատմա՞ն միջոցով է ծննդաբերելու, թե՞ բնական ճանապարհով, Հռիփսիմեն ասաց, որ բժիշկներն ասել են, որ բնական ճանապարհով է ծննդաբերելու: Բնական ճանապարհով ծննդաբերել է, այնուհետև բազմաթիվ արտաքին և ներքին կարեր է ունեցել, ինչ ընթացքում էլ, կարծում եմ բացթողում է եղել, քանի որ Հռիփսիմեն արնաքամ էր եղել և ծննդաբերությունից մոտ երկու ժամ անց մահացել»:
Հարցին, թե բժիշկներն ինչն են ասում դեպքի վերաբերյալ, Ռիտա Մնացականյանն ասաց, որ բժիշկ Դավիթ Շահվերդյանը ոչինչ չի ասում:
Նորածնի առողջական վիճակի վերաբերյալ Ռիտա Մնացականյանն ասաց, որ փոքրիկի առողջական վիճակը լավ է, և նրան անվանակոչելու են պապիկի անունով՝ Լևոն:
Դեպքի վերաբերյալ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի վերաբերյալ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն և ծննդկանի մահվան վերաբերյալ բոլոր հարցերին կկարողանան պատասխանել միայն դատաբժշկական փորձաքննության ավարտից և արդյունքների հրապարակումից հետո:
Նշենք, որ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանն հայտնել էր, որ ծննդկանի մահվան պատճառի, պատճառահետևանքային կապերի, բժշկական սխալի հավանականության մասին հարցերի պատասխանը կտա դատաբժշկական փորձաքննությունը:
Բեթղեհեմ Արաբյան