Եղել եմ դպրոցի առաջին աշակերտներից, սովորել եմ բուհում, հետո վերադարձել և սկսել եմ դասավանդել մեր դպրոցում: Նույն կերպ Աննան և Արուսը»,-այսպես է սկսվում Սաթենիկի հետ մեր զրույցը: Իսկ առիթը «Երեքնուկ» բրենդն է: Աննա Նասիբյանը, Արուս Փաշիկյանը և Սաթենիկ Ղուլիջանյանը տարիներ առաջ միտք են հղացել, թե ինչպես օգնեն հարազատ դպրոցին: «Երեքով աշխատում էինք Կողբի գեղարվեստի դպրոցում, օգտագործում էինք այն որպես արվեստանոց: Մտածեցինք, թե ինչպես կարող ենք դպրոցին օգնել, բացի դա, գումար աշխատենք, որպեսզի նյութեր գնենք և շարունակենք նկարել: Մեր հիմնական նպատակն էր ստեղծել և վաճառել ինչ-որ բան, որից ստացած եկամուտով թե՛ դպրոցին կօգնեինք, թե՛ մեր գործը կշարունակեինք:
12-13 տարի առաջ էր: Տարբեր մտքեր ունեինք, բայց որոշեցինք այնպիսի իրեր ստեղծել, որոնք պրակտիկ լինեն, մարդիկ օգտագործեն, ոչ թե պատից կախեն կամ դնեն պահարանի վրա: «Երեքնուկը հիմնականում արտադրում է ձեռագործ աշխատանքներ, օրինակ՝ յուրաքանչյուր պայուսակի վրա կա ձեռքով արված նկարազարդում: Հիմնականում պատրաստում ենք փոքր դրամապանակներ, շպարի պարագաների համար նախատեսված պայուսակներ, որոնք բնական կաշվից են, իսկ դրանց վրա ամբողջությամբ ձեռքով նկարված պատկերներ են: Մեր նպատակն արտադրանքը Հայաստանի տարածքից դուրս ներկայացնելն ու տարածելն է:
Որքան մեծ լինի վաճառքը, այնքան շատ հնարավորություն կունենանք օգնելու դպրոցին, որը պետական ֆինանսավորման բացակայության պայմաններում գոյատևում է նաև «Երեքնուկի» արտադրանքի վաճառքի շնորհիվ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սաթենիկը: Հետաքրքրվում եմ՝ ինչո՞ւ «Երեքնուկ». «Նախ՝ այն շատ գեղեցիկ հայկական անուն է, բացի դա, երեք տերև ունի մեկ ցողունի վրա, իսկ մեր բրենդը երեքով ենք ստեղծել՝ համախմբվելով մեկ գաղափարի շուրջ»: Սաթենիկը նշում է՝ իրենք ուղղակի գործընկերներ չեն, այլ ընտանիք: «Մենք ընտանիք ենք, իրար ճանաչում ենք 20 տարուց ավելի, ուղղակի կոլեգաներ կամ ընկերներ չենք: Մեր ընկերության հիմքում գեղարվեստի դպրոցն է, որտեղ մեծացել ենք, թևեր առել և ստեղծել «Երեքնուկը»: Ամեն մեկս տարբեր տեղերից չենք եկել ու հետո որոշել միասին աշխատել: Խնդիրներ միշտ կան, բայց այնքան լավ ենք հասկանում իրար, որ խնդիրներն էլ են շուտ լուծում ստանում: Այսօր արդեն ընդլայնվում ենք:
Փորձում ենք հին հայկական կարպետների նախշերը ձեռքով գործել և մեր արտադրանքի մեջ օգտագործել: Ձգտում ենք երկրորդ շունչ տալ հայկական զարդանախշերին, միաձուլել դրանք ժամանակակից նախշերի հետ: Երբեմն մտածում են՝ ինչպե՞ս օգտագործել հայկական զարդանախշերը: Դրանք շատ չեն կիրառվում: Երբ Գերմանիայում ինչ-որ իր եմ նվիրում ընկերներիս ու ծանոթներիս, փորձում եմ այնպես անել, որ դրանում անպայման հայկական զարդանախշ ներառված լինի, ներկայացնում եմ դրա պատմությունը, այս կերպ տարածում նաև հայկական մշակույթը»,-նշում է մեր զրուցակիցը: Սաթենիկն այժմ աշխատանքի բերումով ընտանիքի հետ բնակվում է Գերմանիայում, սակայն ամուր թելերով կապված է հայրենիքին:
«Բնակվում եմ Գերմանիայում, իհարկե, կապված եմ Հայաստանին, այստեղ փորձում եմ իրացնել մեր արտադրանքն օնլայն խանութների միջոցով, հայկական համայնքի հետ եմ փորձում կապ հաստատել, որպեսզի կարողանանք նաև նրանց միջոցով արտադրանքի վաճառքը կազմակերպել տարբեր միջոցառումների ժամանակ: Այս աշխատանքների նկատմամբ կա հետաքրքրություն և պահանջարկ, այն կիրառական է, հարմարավետ, յուրահատուկ: Անմիջապես աչքի է ընկնում, հարցնում են՝ որտեղի՞ց է, ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել: Մեր աշխատանքների ստեղծման հիմքում առանձնահատկությունն է, մենք ուզում էինք, որ ցանկացած իր ձեռքով արված ինչ-որ դետալ ունենա»,-ընդգծում է «Երեքնուկի» հիմնադիրներից մեկը:
Զրույցն ամփոփում ենք հետևյալ հարցով՝ դժվարությունների հանդիպելիս ինչպե՞ս թևաթափ չլինել: «Շատ մարդիկ, երբ ինչ-որ գործում ֆիզիկական կամ ֆինանսական ներդրում են կատարում, պատկերացնում են, որ որոշ ժամանակ հետո պետք է սկսեն մեծ եկամուտ ստանալ: Իսկ մենք այդ միտքը չենք ունեցել, որ անում ենք այս աշխատանքը, պետք է երկու տարուց արդեն օգուտ ստանանք: Ունեցել ենք գաղափար, մեր աշխատանքի մեջ ներդրել ենք սեր, նվիրվածություն, շնորհք և համարյա թե զրո ֆինանս, որովհետև ուղղակի չունեինք էլ այդ գումարը:
Թակում էինք մարդկանց դռները, հարցնում՝ հնարավոր է՝ կաշվե հին իրեր ունեք, որոնք ձեզ անհրաժեշտ չեն, տվեք մեզ, մենք ձեզ համար էլ ինչ-որ իր կպատրաստենք: Ներկերի համար էինք մի փոքրիկ բյուջե նախատեսել: Իսկ հիմա մենք հասել ենք այն կետին, որ կաշին ես Գերմանիայից եմ գնում, ներկերն ԱՄՆ-ից ենք պատվիրում: Եթե ամեն ինչի մեջ մարդը սեր, եռանդ ու համբերություն է դնում, դա վերադառնում է: Բումերանգի նման է: Ամեն ինչ մեզ վերադառնում է սիրո տեսքով»,-եզրափակում է Սաթենիկ Ղուլիջանյանը: