Ռամզան Կադիրովը կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram ալիքում կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել արյունահեղությունը:
«Լեռնային Ղարաբաղը վերածվել է արյունահոսող վերքի, որը որոշակի ուժեր թույլ չեն տալիս ապաքինվել: Այս ցավից տառապում է ամբողջ Կովկասը, տարածաշրջանի բոլոր եղբայր ժողովուրդները: Ռուսաստանը տիտանական ջանքեր է գործադրում, որպեսզի ստիպի հակամարտող կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ դադարեցնել ռազմական գործողությունները», - հայտարարել է Կադիրովը:
Կադիրովի կարծիքով, իրավիճակում չպետք է փնտրել առաջինը կրակողին, քանի որ պատերազմի շարունակությունը իրավիճակն ավելի ու ավելի է հեռացնում բանականությունից և մարդկությունից:
«Չեչեն ժողովուրդը, որը հիանալի գիտի պատերազմի և խաղաղության գինը, ձեզ հորդորում է դադարեցնել, փոխել ձեր զայրույթը ողջամտության, խոնարհեցնել ձեր հպարտությունը և հայրերին ու մայրերին հնարավորություն տալ տեսնելու իրենց զավակներին ողջ ու առողջ», - նշել է Կադիրովը:
Նա նաև կոչ է արել ՄԱԿ-ին, հարևան պետություններին և հոգևորականներին միանալ իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացին: