«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված աշխատանքները շարունակվում են»․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված աշխատանքները շարունակվում են, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ընդհանուր առմամբ, աշխատանքները շարունակվում են ռազմական բախումները դադարեցնելու և հակամարտության կարգավորման գործընթացը քաղաքական և դիվանագիտական փուլ բերելու համար: Ավելին չեմ կարող ասել»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին առ այն, թե արդոք իրականում նախապատրաստություն է արվում կոնսենսուսի որոնման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ռուսաստանյան այցի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 20-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։