Հայկ Պետրոսյան. հայրս խմբագրել է ներկայացումս
ՄՇԱԿՈՒՅԹԱպրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմի պատճառով՝ Հայկ Պետրոսյանը փոփոխություն է կատարել իր՝ «Եթե ես լինեի պապա» ներկայացման սցենարում: Նախորդ տարբերակը դերասանն ավարտում էր դրական նոտայով՝ հորդորելով ժպտալ եւ սիրել: Այժմ ներկայացման վերջին հատվածում հատվածում նա կատարում է «Տալվորիկի քաջ զինվոր» երգը: Այսօր՝ ապրիլի 29-ին, Հովհաննես Թումայանի անվան պետական տիկնիկային թատրոնում նա նոր տարբերակով կատարեց «ԱրմՄոնո» թատերական փառատոնի բացումը: Armtimes.com-ի հետ զրույցում նա խոսեց ներկայացման ասելիքի մասին:
«Առաջին 3 ներկայացումների վերջաբանում ես ուրիշ երգ էի երգում. ասելիքն ուրիշ էր: Ես ցանկանում էի ասել, որ կյանքը պետք է սիրելով ապրել, եւ երգում էի. «Ժպտա, ու քեզ էլ կժպտան, սիրիր, եւ քեզ էլ կսիրեն»: Հնարավորինս դրական էր ավարտվում ներակայացումը, ու դա հանդիսատեսի կողմից ընդունվեց: Բայց ապրիլից՝ այս կռիվներից հետո շատ բան փոխվեց, այդ սիրտը չկար, որ դուրս գայի եւ ասեի՝ ժպտա, ու քեզ էլ կժպան, բոլորս փոխվեցինք, ես փոխվեցի, ու փոխվեց նաեւ ներկայացման ասելիքը, եւ այս երգով՝ «Տալվորիկի քաջ զինվոր» երգով, ավարտեցի ներկայացումը»,-պարզաբանեց նա:
Հայկ Պետրոսյանը խոստովանեց, որ ներկայացումը գրելիս դիմել է հոր՝ դերասան Վարդան Պետրոսյանի օգնությանը: Վերջինս որոշ հատվածներ խմբագրել է:
«Այս ներկայացման վրա հորս հետ աշխատել ենք. տեքստային, բեմական կեցվածքների հարցերում ինձ շատ է օգնել, խորհուրդներ է տվել եւ խմբագրել է, որովհետեւ ես սկզբում գրել էի ներկայացում, որը երեքուկես ժամ էր տեւում, եւ պետք էր կրճատումներ անել: Այս նոր վերջաբանը գրելու հարցում նույնպես հետը խորհրդակցել եմ: Նա ահռելի փորձ ունի, եւ շատ ուրախ եմ, որ ինձ հետ կիսում է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Վարդան Պետրոսյանը դիտել է ներկայացման տեսագրությունը եւ իր հավանությունը տվել:
Հայկ Պետրոսյանը Հովհաննես Թումայանի անվան պետական տիկնիկային թատրոնում հանդես կգա նաեւ մայիսի 9-ին, սակայն ոչ մենակ: Նա Սոնա Ռուբենյանի, Սեւակ Ամրոյանի, Նարինե Դովլաթյանի եւ The Beautified Project-ի հետ միասին հանդես կգա բարեգործական համերգով, որի հասույթը կտրամադրվի Թալիշի մարտերի ժամանակ վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանի բուժմանը: