«Բուհերը պետք է նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնեն, յուրաքանչյուր ուսանողին անհատական մոտեցում ցուցաբերեն». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես գիտենք, այս տարի դպրոցական արձակուրդները նախատեսվածից շուտ սկսվեցին։ Դա պայմանավորված էր կորոնավիրուսային իրավիճակի վատթարացմամբ։ Հիմա, երբ վարակակիրների թվերը սկսել են ռեկորդային աճ գրանցել, ԿԳՄՍ նախարարությունը որոշեց աշնանային արձակուրդը երկարաձգել ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ։
Բացառություն են կազմելու միայն 12-րդ դասարանցիները, որոնք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։
1-11-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա ավարտը կսահմանվի հունիսի 18-ը, իսկ առաջին կիսամյակն առաջարկվում է ամփոփել հունվարի 31-ին։ Թե ինչպես կշարունակվի ուսուցումը նոյեմբերի 12-ից հետո, կախված է համաճարակային իրավիճակից։ Քննարկվում է ուսումնական գործընթացը երկու ձևաչափով անցկացնելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ ուսումնարանները, քոլեջները և բուհերը կշարունակեն գործել հեռավար և առցանց ուսուցման ձևաչափով։
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում արձակուրդն առնվազն երկու շաբաթով երկարաձգելու ԿԳՄՍ որոշումը ճիշտ է։ «Կորոնավիրուսով վարակակիրների վերջին թվերը ցույց են տալիս, որ հիմա երկուսից մեկը վարակված է։ Մենք տեսնում ենք, որ թեստավորվածների ընդհանուր թվի մինչև 49 տոկոսը դրական արդյունք է ցույց տալիս։ Դա նշանակում է, որ համաճարակային վիճակը վատ է, և դա էապես կազդի ոչ միայն ընդհանուր հասարակության վրա, այլ նաև կարող է թափանցել բանակ, իսկ այդ դեպքում կարող ենք ունենալ անդառնալի կորուստներ։
Դրա համար ճիշտ որոշում է կայացվել երկու շաբաթով արձակուրդները երկարաձգելու, այլ ոչ թե միանգամից անցնելու հեռավար ուսուցման։ Դրա անարդյունավետության մասին բազմիցս խոսել ենք, և որևէ փոփոխություն այս ընթացքում դեռևս չի եղել, այսինքն՝ ոչ մի քայլ չի ձեռնարկվել ուսուցիչներին վերապատրաստելու, համապատասխան տեխնիկական հարցերը լուծելու համար, և դա ուղղակի ժամանակի անիմաստ կորուստ կլինի, եթե ասեն՝ եկեք, առանց որևէ նախապատրաստական աշխատանքի անցնենք հեռավար ուսուցման։
Ուսումնական տարվա առաջին կիսամյակը դեկտեմբերի վերջի փոխարեն հունվարի վերջին ամփոփելու որոշումն այս պահին ճիշտ էր։ Պարզ է, որ ուշ կսկսվի երկրորդ կիսամյակը և առնվազն մեկ ամիս ուշ կավարտվի։ Հուսանք՝ մինչ այդ կորոնավիրուսով վարակակիրների թվերը կնվազեն և նորմալ դասապրոցես հնարավոր կլինի կազմակերպել հանրակրթության ոլորտում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։ Ընդգծում է՝ այս ընթացքում, իհարկե, կլինեն կորուստներ՝ կրթություն ստանալու առումով։ «Դասապրոցեսը վերականգնելու սկզբնական շրջանում 1 շաբաթ ադապտացման փուլն ենք անցնում։ Դա հիմնականում կորսված ժամանակ է։ Բայց մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ սա չարյաց փոքրագույնն է, և ուղղակի մենք այլ հնարավորություն չունենք։ Պետք է այդ ճանապարհով գնալ»,նշում է մեր զրուցակիցը: Այս ժամանակաշրջանում, երբ բուհերում կրթությունն անցկացվում է հեռավար տարբերակով, ուսանողները նշում էին՝ այս հանգամանքը պետք է ազդեցություն ունենա վարձավճարների վրա, հիմա առավել ևս, երբ մի կողմից կորոնավիրուսային համաճարակը, մյուս կողմից պատերազմն ազդում է յուրաքանչյուրի ֆինանսական վիճակի վրա։
«Բարձրագույն կրթության պարագայում այս օրերին բուհերի ծախսերը որոշակիորեն քչացել են, շատ էական չէ, բայց որոշակի առումով։ Դա որևէ ձևով չի անդրադառնում վարձավճարի վրա, որովհետև դրանց պայմանագրերը նախապես են կնքվում, և հիմա պայմանագրերի մեջ փոփոխություն անելու ժամանակը չէ։ Բայց անհրաժեշտ է այնպիսի միջոցառումներ ձեռնարկել, որ այն ուսանողները, որոնք վարձավճարները մուծելու դժվարություններ ունեն, նրանց ընդառաջեն, այսինքն՝ այնպիսի որոշումներ կայացվեն, որ ուսանողները կարողանան հետաձգել վճարումը կամ լրացուցիչ զեղչեր ստանան։ Սա հնարավոր է կազմակերպել ոչ միայն լիազոր մարմնի՝ նախարարության, այլ հենց բուհերի մակարդակով, և յուրաքանչյուր համալսարան կարող է հարցն անհատական ձևով քննարկել և ընդառաջել մեր ուսանողներին։
Բոլորս հասկանում ենք, թե ինչպիսի իրավիճակ է։ Ինքս ունեմ ուսանողներ, որոնք հիմա առաջնագծում են, ուսանողներ ունեմ, որոնք ակտիվորեն մասնակցում են հեռավար դասերին, բայց տրամադրվածությունն այն չէ։ Այս ամբողջը պետք է հաշվի առնել և ընդառաջել մեր ուսանողներին։ Բուհերը պետք է նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը, յուրաքանչյուր դեպքին ցուցաբերեն անհատական մոտեցում և հօգուտ ուսանողի որոշումներ կայացվեն, քանի որ ուսանողը մեր բարձրագույն կրթության համակարգի առանցքում է»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում