Շուշան Պետրոսյան. «Երբ նոր էի պատգամավոր դարձել, տառապում էի, ինձ հալածում էին». «Առավոտ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երգչուհի Շուշան Պետրոսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում պատմել է ՀՀԿ ցուցակում հայտնվելու, իրեն քննադատողների և կանանց թերագնահատող անհաջող տղամարդկանց մասին։
«Ես մեծ դպրոց անցա պատգամավոր դառնալով՝ մարդկային շփումների առումով։ Մինչ այդ ես կարծում էի, թե ես տիրապետում եմ բեմին։ Ես ԱԺ-ում երբեք չեմ օգտագործել իմ այն շնորհները, որ ունեցել եմ մշակույթում։ Շատ հետաքրքիր աշխատանք էր, շատ բաներ իմացա, որ չգիտեի։ Ամենակարևորը այս ամենի մեջ այն էր, որ երբեք չչարացա։ Ուժեղ մարդը երբեք չի չարանում, չարանում է թույլը։ Երբ նոր էի պատգամավոր դարձել, տխրում էի սկզբում, շատ ծանր էի տանում, տառապում էի, երբ հալածում էին։ Մտածում էի՝ ինչո՞ւ, ի՞նչ եմ արել, չէ՞ որ չկա պատգամավոր մասնագիտություն։ Դու իրավունք ունես քո ասպարեզի, քո մասնագիտության խնդիրները բարձրաձայնելու։ Ես մեղավոր չեմ, որ մշակույթը պասիվ է եղել, ես փորձել եմ անել և արել եմ ինչ-որ բաներ։ Ես եկել եմ աշխատելու, և աշխատել ու աշխատում եմ»,-թերթի հետ զրույցում պատմել է երգչուհին:
Շուշան Պետրոսյանը հիշել է, թե ինչպես է հայտնի երգիչներից մեկը քննադատել իր պատգամավորական գործունեությունը. «Երրորդ տարին է արդեն, որ պատգամավոր էի։ Ասացի՝ որ այ էսպես խոսում ես, հետաքրքրվե՞լ ես, թե ես ինչ եմ անում։ Ասաց՝ ես դեռ ոչինչ չեմ տեսել։ Ասացի՝ իսկ հետաքրքրվե՞լ ես, ո՞նց կարելի է առանց իմանալու, առանց ինֆորմացիա ունենալու միանգամից քար նետել։ Հետո ինձ տեսավ ցեխոտ, բանվորական շորերով աշխատում էի։ Կարծում եմ՝ ամաչեց»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: