«Նման քայլերը երկարատև կտրվածքով են էֆեկտ տալու». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Արդեն տարբեր մակարդակներով բարձրաձայնվել է այն մասին, որ մենք իրապես պատերազմի ծանր փուլում ենք: Այդուհանդերձ, մեր բանակը առավելագույնս է դիմակայել ադրբեջանա-թուրքական այդ լայնածավալ ագրեսիային: «Փաստի» հետ զրույցում ընդգծեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը: «Այո, ինչ-որ ուղղություններում մենք նահանջել ենք, ինչ-որ խնդիրներ ունենք, բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ ու արձանագրել հետևյալը. Ադրբեջանը, որը մի քանի շաբաթ կարողացավ պահել այդ ծանր ու մեծ տեմպը, հիմա արդեն էլ չի կարողանալու պահել այն:
Ուստի մեզ համար շատ կարևոր է, որ մենք մեր ուժերի ներածին ու առավելագույն չափով գրագետ իրականացնենք մոբիլիզացիան: Խնդիրները հնարավորինս արագ լուծելով՝ պետք է կարողանանք հնարավորինս առաջ շարժվել, փորձել թշնամուն մաքսիմալ ուժեղ հարված հասցնել՝ կոտրելու ողնաշարը»,-ասաց մեր զրուցակիցը: Անդրադառնալով վերջին օրերին նաև ՀՀ պետական սահմանը թիրախավորելու փորձերին, Վ. Մանգասարյանը շեշտեց. «Թշնամին միշտ էլ ՀՀ պետական սահմանի տարբեր ուղղություններով փորձել է ինչ-որ ագրեսիվ քայլեր իրականացնել և այդ մարտավարությունը նոր չէ: Հիմա այս պատերազմական փուլում նույնպես փորձելու են ՀՀ տարածքում գտնվող ստորաբաժանումների նկատմամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել: Մենք պետք է չզարմանանք ու պատրաստ լինենք նրան, որ թշնամին ցանկացած քայլի գնալու է:
Նրանք լավ էլ պատկերացնում են, որ մեր այստեղի կամավորական ջոկատները իրենց դասընթացները տարբեր փուլերում ինչ-որ տեղերում են անցկացնում և օգնության գնացող ուժերի նկատմամբ իրենք ինչ-որ քայլեր են փորձելու իրականացնել: Այդ ամենը գիտակցելով՝ մեր քայլերում չափազանց գրագետ պետք է լինենք: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է ամեն ինչի պատրաստ լինենք»: Անդրադառնալով թշնամու կորուստներին՝ ռազմական փորձագետը մի քանի հանգամանք մատնանշեց. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարքերի բավականին մեծ թվով կորուստներ ունի թշնամին: Մինչև այդ էլ և այս ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, զրահատեխնիկայի ավելի քան 500-600 միավոր կորուստ ունի: Խոսքը, օրինակ, «Սմերչ» համակարգերի, ավիացիայի, ՏՕՍ համակարգերի և այլնի մասին է:
Եթե դիտարկենք ընդհանուր առմամբ, ապա տեխնիկայի կորուստը չափազանց մեծ է: Դա է պատճառը, որ վերջին շրջանում հարձակողական գործողություններում իրենք, մեծ հաշվով, շատ մեծ զրահատեխնիկա չեն ներգրավում: Միգուցե զրահատեխնիկան չի բավականացնում, անհրաժեշտ քանակ չկա, որ ներգրավեն մարտական գործողություններում: Եվ, ըստ էության, սա է պատճառը, որ հիմա դիվերսիոն պատերազմի մարտավարությունն են որդեգրել: Փորձում են տարբեր փոքր խմբերով ինչ-որ ուղղություններում դիվերսիոն գործողություններ իրականացնել և, այսպես ասած, մեզ թիկունքից հարվածներ հասցնել»:
Վ. Մանգասարյանը նշեց, որ Ադրբեջանում փակ են բոլոր տեղեկատվական աղբյուրները, և զոհերի ու վիրավորների մասին ինֆորմացիա չեն հրապարակում: «Իրականում իրենք շատ կենդանի ուժի կորուստներ ունեն, որոնց համար, մեծ հաշվով, չեն էլ անհանգստանում, և չեն էլ փորձում պահպանել հումանիտար հրադադարի ռեժիմն ու դուրս բերել իրենց դիերին: Մյուս կողմից, կարծում եմ, իրենց ռազմաքաղական ղեկավարությունը լավ է հասկանում այն իրավիճակը, որը կլինի իրենց զոհերին իրենց երկիր տանելու դեպքում: Մասնավորապես, թե իրենց ժողովրդի մոտ ինչ տրամադրություններ կստեղծվեն»,-հավելեց նա: Անդրադառնալով Կանադայի և Ավստրիայի որոշումներին՝ կապված նաև «Բայրաքթար»-ներում օգտագործվող շարժիչների մատակարարման հետ, մեր զրուցակիցը նշեց, որ նման քայլերը, բնականաբար, ի նպաստ մեզ են:
«Բայց պետք է հասկանանք, որ այստեղ մեր դիվանագիտական ճակատը շատ մեծ անելիքներ ունի: Նման քայլերը երկարատև կտրվածքով են էֆեկտ տալու: Մենք լավ ենք հասկանում, որ եթե անգամ Ավստրիան կամ Կանադան ԱԹՍ-երի տեխնիկական մասը սպասարկող դետալները այս ռազմական գործողությունների ծանր փուլում չտրամադրեն, դա ազդեցություն չի ունենալու արդեն արտադրված ու իրենց զինանոցում եղած «Բայրաքթարների» թվի վրա: Երկարատև կտրվածքով, բնականաբար, կարևոր է, որ տարբեր գերտերությունների կողմից ճնշումները գնալով մեծանան, որ հետագայում Թուրքիան չկարողանա ունենալ այն ծավալներով տեխնիկան, ինչը նախատեսել էր իր պլաններում: Ժամանակ է պահանջվելու, որ Թուրքիան փորձի լրացնել իր զինանոցի այդ բացը, ինչն առաջանում է վերոնշյալ ազդեցության հետևանքով: Իսկ այդ ժամանակը մեզ համար բավականին արժեք ունի»,-եզրափակեց նա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում