Ինչ առաքելությամբ է Արգիշտի Քյարամյանը Արցախում. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Պարզվում է, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը, ով հոկտեմբերի 8-ին՝ պատերազմն սկսվելուց հետո, անհայտ հանգամանքներում ազատվեց պաշտոնից, «գործուղվել» է Արցախ։ Մի քանի օր առաջ նրան տեսել են Արցախում՝ ԱԱԾ համազգեստով, գնդապետի ուսադիրներով եւ համազգեստի վրա համապատասխան տարբերանշաններով։ Հոկտեմբերի 25-ին Արցախ մեկնած «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությունը, որը հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, Քյարամյանին տեսել է շտաբում՝ Արայիկ Հարությունյանի կողքին։ «Ժառանգության» ղեկավար Նարինե Դիլբարյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ փաստը, որ՝ այո, Արգիշտի Քյարամյանը շտաբում էր, Սեյրան Օհանյանի հետ, սակայն թե ինչ առաքելությամբ է նա Արցախում, իրեն հայտնի չէ։
Մենք ԱԱԾ-ից փորձեցինք ճշտել, թե Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ-ում տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո որեւէ այլ պաշտոն զբաղեցնո՞ւմ է ծառայությունում։ Մեզ պաշտոնապես պատասխանեցին, որ չի զբաղեցնում։ Կապվեցինք նաեւ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ՝ հարցնելով, թե ինչ առաքելությամբ է Քյարամյանն Արցախում։ Պողոսյանն ասաց, որ տեղյակ չէ։ Հիշեցնենք, որ Քյարամյանը, ըստ որոշ տեղեկությունների, այն պաշտոնյաների ցանկում էր, ում նշանակումը ժամանակին տարակուսանք էր առաջացրել ՌԴ իշխանությունների մոտ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում