Թուրքական սպառնալիք աշխարհին. ահաբեկչության վտանգը ե՞րբ կսթափեցնի Եվրոպային․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Ահաբեկչության դեմ պայքարը միջազգային հանրության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկն է։ Ժամանակ առ ժամանակ ահաբեկչական տարբեր խմբավորումներ ակտիվանում են և սպառնալիք ստեղծում մարդկանց ու պետությունների անվտանգության համար։ Որպես կանոն` ահաբեկչական խմբերի ակտիվացումն ընթանում է նրանց շրջանում ծայրահեղական և արմատական գաղափարների տարածմամբ։ Եվ առանձին վերլուծություն է պետք, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչու է ներկայումս իսլամական ծայրահեղականության աճ նկատվում։ Պատճառներից մեկը ազգայնական և կրոնական ֆանատիզմն է։
Որոշ ուժեր օգտագործում են մահմեդականների կրոնական զգացումները նրանց ուշադրությունն առկա սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու և ահաբեկչական գործողությունների մղելու նպատակով։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան փորձում է իր շահերին համապատասխան ուղղորդել Եվրոպայում ապրող թուրքերին և մյուս մահմեդականներին։ Եվրոպայում ապրող մահմեդականների իրավունքների պաշտպանության հարցերը բարձրացնելու քողի տակ Թուրքիան արդարացնում է իսլամիստ ահաբեկիչների գործողությունները։ Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին արված անպարկեշտ արտահայտություններից հետո մահմեդական տարբեր ծայրահեղական խմբերի կողմից սկսեցին բռնության կոչեր հնչել։ Իսկ դրան հետևեցին Ֆրանսիայում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական գործողություններ։
Ավստրիան ևս դարձավ ահաբեկչական գործողությունների թիրախ։ Դրա արդյունքում եվրոպական երկրները ամենախիստ ձևով դատապարտում են ահաբեկչության այս դրսևորումները՝ փորձելով ձևավորել հակաահաբեկչական պայքարի նոր օրակարգ և հատուկ ուշադրություն դարձնել անվտանգության ապահովման խնդրին։ Միջազգային ահաբեկչական երևույթները փոխկապակցված են միմյանց հետ։ Եվ Թուրքիայի ջանքերի արդյունքում Արցախյան հակամարտության գոտում մեծ ահաբեկչական օջախ է ձևավորվել։ Թուրքական իշխանություններն, օգտագործելով Սիրիայում և Լիբիայում առկա սոցիալական դժվարությունները, այնտեղի բնակիչներին վարձկանների տեսքով մեծ խմբերով տեղափոխում են հակամարտության գոտի։
Իսկ հազարավոր ահաբեկիչ գրոհայինների կուտակումը մեկ վայրում իրենից լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ ահաբեկչական և դիվերսիոն գործողությունները կարող են չսահմանափակվել հակամարտության գոտիով։ Եվ պատահական չէ, որ Ռուսաստանը և հարևան Իրանը մշտապես մտահոգություն են հայտնում այս հանգամանքի կապակցությամբ՝ պահանջելով ահաբեկիչներին հեռացնել հակամարտության գոտուց։ Թուրքիայի կողմից իսլամիստ գրոհայինների հավաքագրման ուղղությամբ իրենց անհանգստությունն են հայտնել նաև Ֆրանսիան և որոշ եվրոպական երկրներ, բայց հավաքական Եվրոպան՝ ԵՄ-ի տեսքով, անտեսում է Ադրբեջանի՝ ահաբեկիչների կենտրոնատեղի դառնալու հանգամանքը։ Բացի դրանից, անուշադրության է մատնվում այն հանգամանքը, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը և զինված ուժերը պատերազմական գործողություններում ահաբեկչական մոտեցումներով են առաջնորդվում՝ ամեն կերպ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին։ Այստեղ է, որ գործ ունենք իրեն մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ համարող Եվրոպայի երկակի ստանդարտների հետ։
Այնինչ, Արցախում հայկական ուժերի հակաահաբեկչական գործողությունները մեծ հաշվով բխում են նաև Եվրոպայի անվտանգային շահերից։ Գոնե մի շարք եվրոպական քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Եվրոպան պետք է ուշքի գա և դադարի ջայլամի քաղաքականություն վարելուց, քանի որ Թուրքիան դեպի Արցախյան հակամարտության գոտի ահաբեկչություն արտահանելու փորձը կարող է կիրառել նաև եվրոպական երկրների նկատմամբ և ապակայունացնել իրավիճակը հենց Եվրոպայի սրտում։ Դրա մասին Էրդողանը զգուշացրել էր դեռ երեք տարի առաջ, իսկ այսօր արդեն կյանքի է կոչում եվրոպական մի շարք երկրներում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում