Ռուսական Մի-8 և Մի-24 ուղղաթիռները ժամանել են ԼՂ տեղակայման օդակայաններ. ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները, որոնք մասնակցում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը, ժամանել են Լեռնային Ղարաբաղում գտնվող տեղակայման օդակայաններ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
«Մի-8 և Մի-24 ուղղաթիռները, որոնք բերվել են Ան-124 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար, ժամանել են տեղակայման օդակայաններ», -ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ինժեներատեխնիկական անձնակազմը նախապատրաստել է դրանք շահագործման։
«Բանակի ավիացիայի անձնակազմն ուսումնական թռիչքներ է իրականացրել ու մեկնել տեղակայման օդակայաններ խաղաղապահ զորակազմի շահերից բխող առաջադրանքներ կատարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մի-8 և Մի-24 ուղղաթիռները վերահսկողություն են սահմանելու Լեռնային Ղարաբաղի՝ ռազմական գործողությունների դադարեցման տարածքների նկատմամբ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։