«ԼՂ շփման գոտում ոչ մի կրակոց չի լսվում, իրադրությունը կայունանում է»․ ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի շփման գոտում ոչ մի կրակոց չի լսվում, իրադրությունը կայունանում է: Այս մասին լրագրողներին հայտնել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ խմբավորման հրամանատար Ռուստամ Մուրադովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ամենակարևորն այն է, որ շփման գծում կանգնեցվել են բոլոր տեսակի մարտական գործողությունները, մենք այսօր ոչ մի կրակոց չենք լսում։ Իրավիճակը կամաց-կամաց կայունանում է»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռազմական տրանսպորտային ավիացիան 3 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա: