Ռուսական «կոռանան» ՀՀ-ում իշխանափոխության խորքային փորձերի ակունքներում. «Ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է՝
Խորհրդարանում անցած քառօրյան ուշագրավ ստացվեց: Թեեւ ԱԺ-ի աշխատանքների առաջին օրերին թվում էր, թե պատերազմական այս իրավիճակում նստաշրջանի օրակարգում ընդգրկված ընթացիկ հարցերը, այդ թվում` Ընտրական օրենսգրքի քննարկումներն ու քվեարկությունը երկրորդ պլան կընկնեն եւ աննկատ կանցնեն, այդպես չեղավ:
Այս քառօրյայի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների վերլուծությունը հիմք է տալիս արձանագրելու, որ քաղաքական ուժերն ու կուսակցությունները չեն կիսում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Սփյուռքի եւ «Խոպանի» ժողովրդի՝ պատերազմի ընթացքում ցուցաբերած միասնականությունը եւ դրա մասը չեն հանդիսանում: Խորհրդարանական կուսակցությունները ցույց տվեցին, որ իրենք պատերազմը մեծ էնտուզիազմով «հարմարեցնում են» իրենց նեղ շահերին եւ նույնիսկ չեն վարանում այն օգտագործել ինչ-ինչ հարցեր լուծելու համար: Երկու օրենքների նախագծերի քվեարկությունների շուրջ տեղի ունեցած տեսանելի եւ ոչ տեսանելի իրադարձությունները հենց սրա վկայությունն են: Օրինակ, «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային արտոնություն տալու մասին օրենքի նախագծի քվեարկության տապալման հնարավորություն ստեղծվել էր ուղղակիորեն պատերազմական իրավիճակի պատճառով, քանի որ ՀՀԿ-ական միանգամից 12 պատգամավոր գտնվում էր Ղարաբաղում, սրան գումարած` գործուղումներում գտնվողներ, եւ ահա հիանալի հնարավորություն՝ խափանելու համար, ասենք, ինչ-որ մեկի բիզնեսին պոտենցիալ մրցակից հանդիսացող գործարանի վերագործարկման հնարավորությունը: Նույն կերպ փորձ արվեց տապալել նաեւ Ընտրական օրենսգրքի քվեարկությունը:
Իհարկե, ընդդիմադիր ուժերը, որոնց համար ԸՕ-ի բովանդակությունն այնքան էլ ընդունելի չէ, միանգամայն լեգիտիմ իրավունք ունեն բոլոր օրինական միջոցներով` քվեարկությունը բոյկոտելով, տապալելով, պայքարել դրա դեմ: Իսկ «Հրազդան-ցեմենտին» հարկային արտոնություն չտալը, տնտեսագետների գնահատմամբ, միանգամայն արդարացված դիրքորոշում է: Սակայն սա նորմալ կլիներ, եթե խորհրդարանը միշտ այսպես աշխատեր, օրենքների նախագծերի քվեարկությունները կամ տապալումները տեղի ունենային տրամաբանությունից ելնելով: Կամ ընդդիմության գործողությունները պայմանավորված լինեին հստակ խաղի կանոններով, այսինքն, մենք՝ 3 խմբակցություններս, ընդդիմադիր ենք եւ միահամուռ բոյկոտում կամ տապալում ենք ԸՕ նախագիծը, ինչպես արեցինք «Հրազդան-ցեմենտի» դեպքում: ԸՕ նախագծի քվեարկությունը տապալելու ծրագիրը, սակայն, չաշխատեց, եւ քվեարկության արդյունքները ապշեցուցիչ էին` 98 կողմ, 9 դեմ, 5 ձեռնպահ: Ստացվում է, որ «տակից» փորձ է արվում տապալել մի օրենքի քվեարկություն, եւ երբ դա չի ստացվում, այդ նույն օրենքին ընդամենը 9 հոգի է «դեմ» քվեարկում: (Դեմ քվեարկողներն էին Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը, Վարդան Օսկանյանը, Էդմոն Մարուքյանն ու Տիգրան Ուրիխանյանը: Ընդդիմադիր ԲՀԿ-ից 4 հոգի «ձեռնպահ» էին՝ Լյովա Խաչատրյան, Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան, Միքայել Մելքումյան: 5-րդ «ձեռնպահը» Թեւան Պողոսյանն էր: Մնացածը, փաստորեն, կողմ քվեարկեցին, քանի որ ՀՀԿ+ՀՅԴ+խմբակցություններում չընդգրկված պատգամավորների «կողմ» ձայները, եթե որեւէ բացակա չլիներ, 82-ը չէր անցնի: Բայց այդ օրը բացականեր կային, կողմ քվեարկողներն էլ 98-ն էին: ՕԵԿ-ի բոլոր անդամները չմասնակցեցին քվեարկությանը, ինչպես նաեւ չքվեարկեցին Վարդան Oսկանյանի նորաստեղծ կուսակցությունից Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, նաեւ՝ Զարուհի Փոստանջյանը):
ԸՕ նախագծի քվեարկությունը տապալումից փրկելու համար ՀՀԿ-ականները ստիպված էին խախտել ԱԺ կանոնակարգ օրենքը, ինչը խիստ վրդովեցրեց ՕԵԿ խմբակցության պատգամավորներին, ՀԱԿ-ականներին եւ օսկանյանականներին: Երեք ուժերի դեպքում էլ Ռուսաստանի հետ ջերմ-գործընկերային հարաբերությունները փաստ են: Փաստ է նաեւ, որ «Հրազդան-ցեմենտի» քվեարկության տապալմանը մեկ մարդու նման մասնակցել էին այս երեք ուժերը՝ գումարած ԲՀԿ-ն, իսկ Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող հանրապետական պատգամավոր Կարեն Կարապետյանը նախկինում երկու անգամ «կողմ» քվեարկելով, այս անգամ «դեմ» քվեարկեց նույն օրենքին:
Այն, որ ընդդիմությունը լեգիտիմ իրավունք ունի պայքարելու իշխանության ներկայացրած ԸՕ-ի դեմ, հնարավոր չէ վիճարկել: Սակայն իրադարձությունների եւ պատերազմական այս օրերին հայ-ռուսական սրված հարաբերությունների պատճառահետեւանքային կապը հիմք է տալիս եզրակացնելու, որ կատարվածը կամ դրա փորձը ավելին էր, քան ԸՕ-ի դեմ պայքարը:
Այս քառօրյայի ժամանակ ելույթներ հնչեցին Հայաստանում վերահսկվող ընդդիմության վերաբերյալ: Մասնավորապես, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի ելույթին, թե «Հայաստանին պետք է մեկ ընդդիմություն եւ իր կուսակցությունը գործելու է այդ մեկ ընդդիմությունը դառնալու ուղղությամբ», ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ընդդիմադիրները քաստինգ են սկսել, դեֆիլե, ինչի արդյունքում որեւէ մեկը պետք է ստանա Հայաստանում ընդդիմության տիտղոսը որպես «կոռոնա Ռոսիյսկոյ իմպերիի»: Նաիրա Զոհրաբյանն իր այդ ելույթի ժամանակ բազմաթիվ սայթաքումներ թույլ տվեց՝ ակամայից վերահաստատելով մինչ այժմ հանրության գիտակցության մեջ ներքին համոզմունք դարձած մի շարք իրողություններ: Օրինակ, որ քաղաքական ուժերը ընդդիմադիր դաշտում գործելու համար «բազառների» մեջ են, եւ թույլատրված, բանակցված, խաղի կանոններով պայմանավորված որոշակի սահմաններ ունեն, որոնք անցնելու դեպքում նրանց գլխին «բամփում» են: Զոհրաբյանն, իհարկե, խոսում էր ՀՀ նախագահական նստավայրում բանակցված եւ պայմանավորված խաղի կանոնների մասին, նկատի ունենալով, որ հենց այստեղ են տիտղոսը բաշխում (սայթաքումներով լի ելույթն էլ, թերեւս, պայմանավորված էր նախագահական նստավայր կատարած նրա թարմ այցի ազդեցությամբ): Նախագահական նստավայրի կողմից վերահսկվող ընդդիմությունով Հայաստանում ոչ ոքի չես զարմացնի, սակայն ներկայում կարծես ստեղծվել է մի իրավիճակ, որ վերահսկողությունը բոլորովին այլ ձեռքերում է, եւ ընդդիմության տիտղոսը այլաբանորեն «Կոռոնա Ռոսիյսկոյ իմպերիի» անվանելիս Զոհրաբյանի մոտ ենթագիտակցական շերտերն են աշխատել: Ընդդիմադիր դաշտի մի շարք ուժեր դեմ չեն փաստորեն մեկ բռունցք դառնալ՝ պատերազմական վիճակն օգտագործելով Հայաստանում իշխանափոխության գործընթաց սկսելու համար: Սակայն նրանք որպես ռեալպոլիտիկի եւ մի քանի կոմբինացիաներով խաղալու վարպետներ՝ յուրաքանչյուրն իր հերթին հոգ է տանում, որ դեպի Հայաստանի նախագահական նստավայր իր դուռը մշտապես բաց պահի: Մարդ ես, եթե ավելի «վերեւների» վերահսկողությամբ ՀՀ-ում իշխանություն վերցնելու ռազմավարական նպատակը չիրագործվի, գոնե արագ անցում կկատարվի մարտավարական խնդիրների իրագործմանը, մասնավորապես ընդդիմության տիտղոսի հարցի լուծմանը:
Հ.Գ. Նաիրա Զոհրաբյանի ելույթում տեղ գտած սայթաքումները (տես` «Ում բամփել եւ ինչու». «ՀԺ», 28.04.2016) զայրացրել են իշխանության անխտիր բոլոր թեւերին եւ մոմի լույսով անգամ հնարավոր չէ գտնել ՀՀ-ում մի լրատվամիջոց` հեռուստաալիք, թերթ, ինտերնետային կայք, ռադիո, որ իր թողարկման մեջ զետեղած լինի դրանք: Թեեւ ոչ բոլորն էին պարտավոր հատուկ հետաքրքրություն ցուցաբերել ելույթի այդ հատվածների նկատմամբ, այնուամենայնիվ մասսայական անհետաքրքրությունն էլ նորմալ չէ: