Փաշինյանը գիշերը 2 անգամ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. ի՞նչ են քննարկել նրանք
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳիշերվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տեղեկությունը նա հայտնել է Facebook–ի իր էջում։
«Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհայտ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման և սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր»,–գրել է նա:
Վարչապետի խոսքով` նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ: Նա նաև ընդգծել է, որ այս քննարկումների մասին միշտ չէ, որ հաղորդագրություններ են տարածում` հաշվի առնելով դրանց աշխատանքային բնույթը և հաճախությունը:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։