«Այս պահին պետք է վտանգների մասին մտածել». իրականությունից կտրված միֆերն ու սպասումները․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Սպասումների պարագայում տնտեսական էական ծրագրեր չեն կազմվում ու չեն կառուցվում, որովհետև բիզնեսը կայունություն է սիրում, իսկ այդ կայունության երաշխիքը դեռևս ոչ ոք մեզ չի տվել: Այս կարծիքին է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Մենք կարող ենք փակել մեր աչքերը, կտրել մեզ իրականությունից ու այդ կտրված իրականության մեջ փորձել մի քանի դրական բան տեսնել, դրանից ելնելով ծրագրեր մշակել, բայց նաև այլ բան պետք է գիտակցենք. եթե մեզ հաջողվում է մեր աչքերը փակել և չտեսնել այն, ինչ կատարվում է, կողքիններին դա չի հաջողվելու: Ինչու եմ սա շեշտում, որովհետև տնտեսության մասին կարելի է խոսել ու մտածել, երբ կա հստակ կայուն վիճակ: Հակառակ պարագայում կարճաժամկետ կտրվածքով ըստ օրվա պահանջարկի է առաջարկ լինելու, և խորը տնտեսական ծրագրերը հիմնված են լինելու «կամ/կամ»-երի, «եթե սա լինի, սա կանենք»-ի վրա:
Օրինակ՝ երբ մտածում ենք թուրքական ապրանքների ներմուծումն առնվազն վեց ամսով արգելելու մասին, այդ ապրանքների բացը լրացնելու երկու տարբերակ ունենք՝ առաջին՝ տեղական արտադրանքով, երկրորդ՝ այլ երկրում համարժեք արտադրանքով: Այնպես որ, պետությունն էլ պետք է հասկանա, որ ինքն իր մոլորության միջից ու միֆերից պետք է դուրս գա: Մեր ամեն ինչը կտրված է իրականությունից, որովհետև այս պահին ծայրագույն վիճակ կա նաև բարոյահոգեբանական տեսանկյունից, որից դուրս գալու համար որևէ քայլ չի ձեռնարկվում, իսկ այդ քայլերի բացակայությունն օր օրի ավելի է խորացնում բարոյահոգեբանական ճգնաժամը»,-ասաց նա: Բ. Պիպոյանը շեշտեց, որ միայն «քովիդով» պայմանավորված մոտ 10 տոկոս տնտեսական անկում էր կանխատեսվում:
«Բայց ունեցանք պատերազմ, որն իր հետ բազմաթիվ ծախսեր է բերել, որոնք արվել են կամ դեռ պետք է արվեն: Պատերազմից հետո նաև սոցիալ-առողջապահական ծանրագույն վիճակ ունենք և պարտավոր ենք թե՛ օրենքով, թե՛ բարոյապես բոլոր գումարները փոխհատուցել: Սա մեծացնում է ծախսերը, որոնք, այնուամենայնիվ, պարտադիր պետք է իրականացնել: Բացի այդ, տեղական շուկայում գյուղատնտեսականից մինչև վերամշակում անցած ապրանքների մասով Արցախի արտադրանքը որոշակի տեսակարար կշիռ ուներ»,նշեց նա՝ ընդգծելով, որ այդ ապրանքների այլընտրանքները ևս պետք է գտնվեն: Անդրադառնալով տնտեսության մեջ առկա որոշակի միտումներին՝ նա մատնանշեց հատկապես իրատեսական ծրագրերի անհրաժեշտության մասին. «Որոշակի՝ հատկապես ներմուծվող ապրանքների համար արձանագրված գնաճ կա: Հիմնական անհրաժեշտության ապրանքների մեջ մի ստվար զանգված կա, որը չի թանկացել:
Ինչ վերաբերում է փոխարժեքների տատանումներին, ապա կան մարդիկ, ովքեր մոլորություն են ստեղծում՝ ասելով, թե դրամի արժեզրկումը, դոլարի արժևորումը մեր արտահանողների համար լավ կարող է լինել: Տրամաբանություն կա ասվածի մեջ, բայց պետք է հասկանանք, թե երբանի՞ց դարձանք արտահանող երկիր: Մյուս հանգամանքն էլ դիտարկենք. ճանապարհների՝ այսօր առկա վիճակում խոսել արտահանման մասին, նշանակում է՝ բոլորին միտումնավոր կտրել իրականությունից կամ կտրված լինել իրականությունից: Դոլարի արժևորումն ու դրամի արժեզրկումն այս փուլում մեր երկրի համար միայն բացասական ազդեցություն են ունենալու և ունենում են»: Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների կողմից լայն հնարավորություններ ունենալու մասին հայտարարություններին՝ մեր զրուցակիցը նշեց. «Մի կողմից՝ հայտարարվում է փախստականների վերադարձի մասին, նաև ասվում, որ բոլորը գնալու են ապրեն իրենց տներում, բայց այդ ամենին զուգահեռ հայերը լքում ու դուրս են գալիս իրենց տներից:
Բայց փաստացի առկա իրավիճակին է պետք նայել, հետո խոսել: Ռեալ բիզնեսով զբաղվող մարդուն լսեք, թե ինչ են ասում նրանք: Օրինակ՝ ոչ թե որպես նախարար, այլ երեկ որպես գործարար՝ նույն էկոնոմիկայի նախարարը Ադրբեջան ապրանք արտահանելու համար ներդրում անելո՞ւ է, թե ոչ: Այն օրը, երբ հայկական ծխախոտի առաջին խմբաքանակը կվաճառվի Ադրբեջանի խանութներում, այդ ժամանակ կմտածենք հնարավորությունների մասին, իսկ այս պահին պետք է մտածենք վտանգների մասին, որ իրենք կարող են մտնել մեր շուկա: Այսինքն, ոչ թե շուկաները բաց են լինելու, այլ մեր շուկան կարող է բաց լինել իրենց համար, իսկ իրենցը փակ մնալ մեզ համար»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում