Օղակը սեղմվում է, իսկ մենք զբաղված ենք ինչո՞վ. Ալիևի նոր հավակնությունը Հայաստանի հանդեպ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱդրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ ունի Նախիջևանն ու, այսպես ասած, «ցամաքային» Ադրբեջանը միջանցքով կապելու գաղափար, որին կողմ են Պուտինն ու Էրդողանը: Ալիևն, ըստ էության, խոսում է Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի մասին՝ չտալով Հայաստանի և Հայաստանի ղեկավարի անուն: Այն, որ Ալիևը չի խոսում Հայաստանի կողմ կամ դեմ լինելու մասին, սա դեռ կարելի է հասկանալ և դիտարկել թշնամական կարգավիճակների տեսանկյունից, առավել ևս, որ նա իրեն համարում է հաղթող և բացահայտ արհամարհանքով է խոսում Հայաստանի վարչապետի հասցեին: Սակայն տարօրինակն այն է, որ այդ միջանցքի մասին հայտարարությունն առանց մեկնաբանության է թողնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ավելին, հայտարարել է, որ ղեկավարների շփման օրակարգում տրանսպորտային հարցերն առկա են: Մինչդեռ, տրամաբանությունը հուշում է, որ գոնե Պեսկովը Ալիևին պետք է հիշեցներ Հայաստանի գոյության, ըստ այդմ՝ Հայաստանի համաձայնության մասին՝ նշելով, որ կարևոր չէ, թե ինչ են մտածում Պուտինն ու Էրդողանը, որովհետև միջանցքը կարող է անցնել միայն Հայաստանի տարածքով, հետևաբար՝ կարևոր է, թե ինչ է մտածում Հայաստանը: Բայց եթե այդ մասին չի խոսում Կրեմլի խոսնակը՝ և, թերևս, գուցե պարտավոր չէ, ապա Հայաստանում պետական դիրքորոշման համար պատասխանատու որևէ բանախոս կամ խոսնակ պարտավոր է անդրադառնալ և հիշեցնել Հայաստանի մասին:
Ի վերջո, մենք գտնվում ենք իսկապես հասկանալիորեն չափազանց բարդ մի ճամփաբաժանին, երբ պատերազմն ավարտված է, սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ իրողությունների բերումով, պարտության արատավոր «էֆեկտը» շարունակվում է ամենատարբեր քաղաքական ու մարդասիրական խնդիրների տեսքով, ինչպես, օրինակ, ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցը: Իհարկե, այս հարցերը լուծելու համար, այդ հարցերում Հայաստանի ձայնի իրավունքի համար երկրում շատ կարևոր է ներքին կայունությունը: Մյուս կողմից, սակայն, կայունությունն ինքնին դեռ չի նշանակելու որևէ լուծում, որովհետև ծանրակշիռ գործոնները Հայաստանի ձեռքից կորսվել են պատերազմի հետևանքով: Ըստ այդմ, Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի առավելագույնս արագ վերականգնմանը կամ, այսպես ասած, փոխարինող գործոնների ձևավորմանը: Չի նկատվում կամ նշմարվում հենց այդ գործընթացը: Այն դեպքում, երբ մեր շուրջ փաստորեն շարունակվում է օղակի սեղմման գործընթացը: Մենք այդ ընթացքում զբաղված ենք ներքին հարաբերություններ պարզելով, որովհետև, հակառակ դեպքում, օրինակ, Հայաստանի քաղաքական ուժերը կառավարող ուժից ոչ պակաս անհրաժեշտություն ունեն՝ որպես քաղաքականության սուբյեկտներ, իրենց կարծիքը արտահայտել մեր շուրջը ծավալվողի առնչությամբ բովանդակային առումով: Այսինքն՝ դիտարկել ոչ միայն քննադատության առիթներն ու պատճառները, այլ նաև դրան զուգահեռ արտահայտել սեփական դիրքորոշում: Օրինակ՝ ինչպիսի՞ն է Հայաստանի քաղաքական ուժերի դիրքորոշումը Ալիևի հավակնության և ՌԴ նախագահ Պուտինի և Էրդողանի հավանության առնչությամբ:
https://www.1in.am/