«Քաղաքացիների զանգերը մնում են անպատասխան, կամ էլ նրանց չեն տրվում բավարար պատասխաններ»․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Մեր երկրում ստեղծված իրավիճակում շատ կարևոր է պետություն-քաղաքացի, մասնավորապես՝ պետական հիմնարկներքաղաքացի գործակցությունը։ Ակնհայտ է, որ այս իրավիճակում անհրաժեշտություն է, օրինակ՝ զոհված, անհետ կորած և վիրավորված ու հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների իրավունքների ճշգրտումն ու որևէ տեսակի սխալների և բյուրոկրատական քաշքշուկի բացառումը։ «Սպառողների ասոցիացիայի» փորձագետ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է, որ արդեն իսկ քաղաքացիներից դժգոհություններ է ստանում, որ պետական մի շարք հիմնարկներ, նախարարություններ, որոնք կոչված են լուծել զինծառայողներին առնչվող խնդիրները, պատճառաբանելով գերզբաղվածությունը, անպատասխան են թողնում զանգերը և նամակները։
«Մենք ունենք մի շարք խնդիրներ, այսօր պատերազմի հետևանքով ունենք բազմաթիվ վիրավորներ, որոնք պետք է ստանան հաշմանդամության կարգ։ Հիմա հարցեր են առաջ գալիս՝ ի՞նչ հանձնաժողով պիտի ստեղծվի, ինչպե՞ս պետք է հաշմանդամության կարգ տրվի, արդյոք ի հայտ չեն գա՞ կոռուպցիոն ռիսկեր, չեն լինի՞ փաստաթղթային քաշքշուկներ։ Բացի դա, պետական բյուջեն ունի՞ բոլոր հնարավորությունները, որ կկարողանա ֆինանսական միջոցներ ուղղել ոչ միայն պետության խնդիրներին, այլ նաև պատերազմի հետևանքների վերացմանը։ Ես այս հարցում վստահություն չունեմ։ Տեսախցիկի առաջ մեկ բան է ասվում, բայց իրականությունն այլ է, այն դաժան է։ Քաղաքացիներն ահազանգում են, որ անպատասխան են մնում իրենց զանգերն՝ ուղղված պաշտպանության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների թեժ գծերին։
Պատճառաբանությունն այն է, որ գերծանրաբեռնված են աշխատում։ Բացի դա, այս ընթացքում նաև նախարարությունները հեռավար են աշխատում, քանի որ երկրում շարունակվում է պահպանվել համաճարակային իրավիճակը։ Հիմա հարց՝ այս իրավիճակում ո՞վ է պատասխանելու քաղաքացիների հարցերին։ Ապրում ենք չափազանց բարձիթողի, գաղջ վիճակում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։ Ընդգծում է՝ եթե նախարարությունների թեժ գծերը գերծանրաբեռնված են, մասնագետները չեն հասցնում զանգերին պատասխանել, նշանակում է, որ պետք է ավելացնել աշխատողների քանակը, փոխել աշխատելաոճը, քանի որ նույն ՊՆ-ն պարտավոր է 24-ժամյա ռեժիմով հասանելի լինել քաղաքացիներին։ «Մեր երկրում դեռևս ռազմական դրություն է։ Այսինքն՝ իշխանությո՛ւն, դու պարտավոր ես օրը 24 ժամ աշխատել, գործի դնել քո բոլոր լծակները։
Ինձ երբեմն թվում է, որ իրենք ուրախանում են, որ երկրում ցույցեր են, մարդիկ դրանցով, իշխանություններից մեկ րոպե շուտ ազատվելու ցանկությամբ են տարված, պահանջ չեն ներկայացնում թանկացումների վերաբերյալ։ Չեն խոսում այն մասին, որ գործազրկության ցուցանիշը բարձրացել է։ Աղքատությունը, ըստ պաշտոնական տվյալների, աճել է վեց տոկոսով։ Հունվարից բարձրանալու է գույքահարկի դրույքաչափը։ Սրանք հարցեր են, որոնց լուրջ մոտեցում է պետք, ռազմավարական ծրագիր։ Պետական գերատեսչությունները պետք է համագործակցեն, միասին աշխատեն, սակայն մենք դա չենք տեսնում։ Վերջին օրերին տեսանք խայտառակ նշանակումներ, սրա մասին ևս շատ բարձրաձայնվեց»,-նշում է մեր զրուցակիցը։ Շատ է խոսվում այն մասին, որ այսօր պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած կամ զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատները ստիպված են լինելու դռնեդուռ ընկնել փաստաթղթեր հավաքելու համար։
Չիլինգարյանը նշում է՝ կա կազմակերպման խնդիր։ «Մենք լուրջ աշխատանքի, բայց ամենակարևորը, կադրերի խնդիր ունենք։ Երբեմն մարդուն մերժում են՝ առանց հստակ նշելու, թե ինչու են մերժել։ Քաղաքացին այդպես էլ չի հասկանում, թե ինչու են իրեն մերժել։ Մինչդեռ, եթե կան փաստաթղթային կամ էլ ինչ-որ այլ թերացումներ, կարելի է քաղաքացուն երեք աշխատանքային օր տրամադրել դրանք շտկելու համար։ Առանց հիմնավորման, ստուգման, պարզաբանման միանգամից մերժում են քաղաքացուն։ Մյուս դեպքում էլ խնդիր կա դիմումների օնլայն ընդունման հետ։ Մենք գիտենք, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ այդ օնլայն դիմումները ճիշտ չեն մուտքագրվում, նորմալ չեն քննարկվում և լինում են շատ անհիմն մերժումներ։
Կա՛մ նախարարությունները չեն աշխատում, կա՛մ չեն պատկերացնում իրենց պարտականությունների իրականացման ճիշտ ձևը»,-հավելում է իրավաբանը։ Ասոցիացիայի փորձագետը նշում է՝ այս օրերին հիմնական դժգոհությունները կապված են պաշտպանության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ, դժգոհություններ է ստացել նաև կապված կենտրոնական բանկի հետ։ Հիմնականում խնդիրն այն է, որ քաղաքացիների զանգերը մնում են անպատասխան կամ էլ նրանց չեն տրվում բավարար, գոհացուցիչ պատասխաններ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում