Թվում էր՝ հրադադարից հետո մղձավանջը կավարտվի, իրականում հրադադարի պայմաններն են մղձավանջ. «Իրատես»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Իրատես» թերթը գրում է.
«Ալիևն ու Էրդողանը ապրում են իրենց անձնական ու անանձնական հրճվանքի մեկամսյակը, որի գագաթնակետը երեկվա շքերթն էր, որին մասնակցելու համար Էրդողանը գործերը թողած՝ Բաքու էր թռել: Ալիևից շատ իրավունքներ ունի: Շնորհակալություն, որ այնտեղ չէր Վլադիմիր Պուտինը:
Մինչ միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Բաքուն կորցրել է ինքնիշխանությունը՝ կեսը զիջելով Անկարային, կեսը՝ Մոսկվային, նույնիսկ պետական հեղաշրջման կամ Ալիևի այլ տարբերակներով հեռացման կանխատեսումներ են անում, Իլհամ Հեյդարովիչն ու Ռեջեփ Թայիփովիչը իրենց հավերժական են զգում՝ բոլոր ճակատներում դարակազմիկ հաղթանակներից հետո: Նաև՝ մեր հաշվին: Թվում էր՝ հրադադարից հետո մղձավանջը կավարտվի, իրականում հրադադարի պայմաններն են մղձավանջ: Եթե տարածքների կորուստը հնարավոր է ժամանակի մեջ վերականգնել, մարդկային կորուստները անդառնալի են:
Բաքուն, Անկարան ու Մոսկվան, որ համահեղինակներն են հրադադարի հայտարարության, հնարավորն արել են, որ Արցախի ու Հայաստանի խնդիրները լինեն շարունակական: Գերիների փոխանակումը, դիերի տունդարձը, վիրավորների ապաքինումը տեսանելի ու անհապաղ լուծում պահանջող խնդիրներն են, բայց կա չորրորդ կենսականը՝ սահմանների հարցը, որ ի հայտ է բերում փաստը՝ Հայաստանը չունի իշխանություն, որը ի վիճակի է զբաղվել այդ հարցով:
Մեր սահմանները թելադրում են ադրբեջանցիները՝ փորձելով պոկել՝ որտեղ ինչ կարող են: Նիկոլ Փաշինյանը, կարծես, հարցից տեղյակ չէ, Սուրեն Պապիկյանը՝ նույնպես, նախագահ Արմեն Սարգսյանը դիմում է Պուտինին: Մենք վերադարձել ենք այն ժամանակներին, երբ չունեինք բանակ՝ պատերազմն Արցախում ու Հայաստանի սահմանների պաշտպանությունը ֆիդայական ջոկատների հույսին էր: Հիմիկվա ֆիդայիները գյուղապետերն են՝ իրենց ջոկատներով: Կա՞ ուժեղ գյուղապետ՝ գյուղը կպահի արոտավայրերը, տարածքներ չի զիջի, չկա՞՝ կնահանջի՝ ինչքան պահանջեն ադրբեջանցիները: Մինչդեռ երկրների սահմանների դելիմիտացիան տարիներով քննարկվող խնդիր է, որտեղ ոչ թե խորհրդավոր GPS-ներն են թելադրողը, այլ պատմական փաստաթղթերը, քարտեզներն ու բանակցությունները: Բայց մենք չունենք բանակցող…
Ավելին՝ բացի նախագահից, մենք չունենք լեգիտիմ իշխանություն: Նոյեմբերի 10-ին մի ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանը ջնջեց լեգիտիմության պատմությունը, քաղաքական դաշտից դուրս դնելով ԱԺ գերմեծամասնությանը՝ 88 պատգամավոր: Իրավիճակի առանձնահատկությունն է, որ նույնիսկ եթե հիմա ձևավորվի ժամանակավոր կառավարություն՝ անգամ ազգային համաձայնության, նույնպես չի կարող լեգիտիմ լինել՝ խորհրդարանական մոդելով իշխանությունը ձևավորում են ընտրությունները:
Մենք հայտնվել ենք ժամանակից դուրս՝ ժամանակի մեջ, երբ որևէ քաղաքական ուժ, որևէ պաշտոնյա, բացի նախագահից, չի կարող համարվել լեգիտիմ, հետևաբար՝ նրա հետ բանակցելը իմաստ չունի:
Հարկավ, դեկտեմբերի 8-ին, ժամը 12-ին Նիկոլ Փաշինյանը չարտաբերեց իրենից ակնկալվող հրաժարականի երկար կամ կարճ տեքստը: Բարեբախտաբար՝ դեկտեմբերի 8-ին ու մինչև օրս քաղաքացիական անհնազանդության ակցիաները չվերաճեցին ցուցարարներ-ոստիկանություն լուրջ բախումների: Բայց այդ հեռանկարը ոչինչ չի երաշխավորում: Իշխանությունը թույլ է, փողոց դուրս եկած ընդդիմադիրները ուժեղ չեն՝ իրավիճակ փոխելու համար: Կշեռքի նժարը այս կամ այն կողմը թեքելու համար փողոց դուրս չի գալիս ժողովուրդը: Ոչ այն պատճառով, որ վախենում է կորոնավիրուսից, ծեծ ուտելուց կամ նորից սխալվելուց:
Իմաստ չի տեսնում, փողոցով իշխանության եկած իշխանությանը փողոցով հեռացնելը պետությունը կազմաքանդելու ու ապագա որևէ իշխանության լեգիտիմությունը փողոցով հերքելու այս ճանապարհը ամենամեծ սպառնալիքն է Հայաստանի ինքնիշխանությանը ու գոյությանը ընդհանրապես: Օրեցօր ակնհայտ է դառնում, որ թեև ՀՀ 4 նախագահները, 2 կաթողիկոսները, 17+5 քաղաքական ուժերը, համայնքապետեր ու քաղաքապետեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հարվածը առաջացնում է հակահարված՝ ֆիզիկայի օրենքով: Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարմանը դեմ լինելով՝ հասարակությունը կիսվել է երկու մասի. մի մասը ասում է՝ այստեղ ու հիմա, մի մասը՝ այստեղ ու հետո: Ինչու՞: Ամբողջ խնդիրը հանգում է արտահերթ ընտրությունների կազմակերպմանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում