«Այս վիճակում մեր ժողովուրդն է անպաշտպան՝ մեր ազնիվ, մեր հաղթական ժողովուրդը»․«Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը, անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, նշում է՝ ամենասարսափելի երազում որևէ հայ նման բան չէր կարող պատկերացնել։ «Հիշում եմ այն պահը, երբ իմացանք Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի մասին։ Այդ օրվանից գիշեր-ցերեկ իրար խառնած՝ մեր մտավորականները տանջվում, տառապում են։ Տեղի ունեցածը բացատրել հնարավոր չէ։ Հայաստանում գործող օտար գործակալական ցանցը կարողացավ ճյուղավորվել, տարածվել, բարձր դիրքեր գրավել, հետո հայտնվել Ազգային ժողովում, կառավարությունում, այդ մարդիկ հայության հետ կապ չունեն։ Նաև այս պատճառով մեր ժողովուրդը պետք է դադարի ասել՝ «մենք դավաճանեցինք, մենք պարտվեցինք, մենք այս կամ այն արեցինք»։
Մենք չենք պարտվել, պարզապես մեր զգոնությունը թուլացրեցին։ Խաղաղություն քարոզող, պատերազմը մերժող, ազգային ավանդույթներն ուրացող այդ մարդիկ ամենուր են։ Բայց Ամերիկայում նրանք վտանգ չեն ներկայացնում ազգի համար, Եվրոպայում շատ կան նման կազմակերպություններ, այնտեղ ևս իրենք վտանգ չեն ներկայացնում։ Հայաստանի նման երկիրը, որն աշխարհի աչքի առջև է իբրև եզակի մի բարձր կենտրոն և որի ոչնչացումը ցանկանում են շատ պետություններ՝ իրենց հայտնի պատճառներով, իրավունք չուներ թուլացնել իր ազգային ոգին։ Պետք է այս ծանր դասը կարողանանք հասկանալ, որ հայ ժողովուրդն ունի մեկ ապրելու եղանակ, այն է՝ հավատարմությունը ազգային արմատներին, կարողանանք մշակութային-հոգևոր դասից վտարել, վռնդել ապազգային էլեմենտներին, նրանց պարզապես մարդ չհամարել, արժանի չհամարել հայոց հողին, ջրին։
Բայց վերջին տարիներին պետական բոլոր մրցանակները նրանք են ստացել։ Մեր մտավորականության բարձր թևը մշտապես պայքարել է։ Ինքս պայքարել եմ դրա դեմ։ Սարսափելի ապօրինություններ են տեղի ունեցել մշակութային, գրական դաշտում, դրամաշնորհների հատկացման հարցում։ Վերջին տարիներին պիղծ անհատները դրամաշնորհներ էին ստանում։ Եվ այսպես ժամանակի ընթացքում բթացրեցին մեր հանրության զգոնությունը, մեր ազնիվ ժողովրդին խաբեցին, այդ դավաճանությունը կատարել են գործակալական օտար ցանցի ներկայացուցիչները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աբգար Ափինյանը։ Վերջին օրերին քննադատության թիրախում են հայտնվել մտավորականները։
Նշվում է, որ նրանք իրենց տեսակով պետք է ընդդիմադիր ու ընդդիմախոս լինեն ցանկացած իշխանության, մշտապես խոսեն պետության ու հասարակության թերացումների մասին, մինչդեռ շատերը հարում են ժամանակի իշխանություններին, իսկ դրանց փոփոխության դեպքում սկսում են մերժել նրանց և ուղղվել դեպի նորերը։ Ափինյանը նշում է՝ ունենք ընտիր մտավորականություն, սակայն խնդիրն այն է, որ մտավորական ասելով՝ հասարակության լայն շրջանակները նկատի ունեն բոլորին։ «Նրանց, ովքեր խաղում են սերիալներում, երևում են հանրային ակումբներում, ովքեր ունեն զանազան սուտ ու կեղծ կոչումներ ու մրցանակներ։ Մտավորականները եզակի մարդիկ են, նրանք միշտ հավատարիմ են հայի սրտի զարկերակին, հայությունը զգում են հոգով ու սրտով, երբեք չեն սխալվում։ Բայց նրանք շատ քիչ են լինում։ Մեր նման փոքր ազգի մեջ չի կարող լինել հազար մտավորական, բայց այսօր էլ աջ ու ձախ բոլորին այդ պատվանունը տալիս ենք։
Հիշեք անցյալը, թե ովքեր են եղել մտավորականները։ Եզակի անուններ են՝ Հովհաննես Թումանյան, Գրիգոր Զոհրապ, Վահան Տերյան, Համո Սահյան, Պարույր Սևակ, Մարո Մարգարյան և այլք։ Երկու ձեռքի մատների վրա կարելի է հաշվել մտավորականներին։ Այսօր, ավաղ, հեռուստաէկրանին երկրորդական, երրորդական, անարժեք, ոչ մի գործ չարած մարդիկ են։ Լրագրողներից շատերն իրենք իրենց ձեռքով կերտել են այդ մարդկանց։ Սա ևս գործակալական այդ ցանցի ծրագիրն էր, որ մեր գինուն ջուր խառնեն, իսկ այսօր քաղում ենք պտուղները»,-նշում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ Համահայկական գրողների միությունը մշակութային կազմակերպությունների մեջ առաջինն էր, որը պահանջեց կառավարության հրաժարականը, մասնակցում է երթերին, այս ընթացքում անգամ իրեն բերման են ենթարկել ոստիկանություն։
«Ես աննկուն ձևով ասում եմ՝ իրավիճակը պետք է փոխենք, ցանկալի է մինչ տարեվերջ, քանի որ երկիրը մնացել է անպաշտպան։ Սարսափելի բաներ են կատարվելու, որովհետև ճանաչում եմ մեր նախարարներին, պատգամավորներին, նրանք Հայաստանի համար ոչինչ չեն արել ու չեն անելու։ Այս վիճակում մեր ժողովուրդն է անպաշտպան՝ մեր ազնիվ, մեր հաղթական ժողովուրդը։ Հայրենական այս հերոսամարտում հայ զինվորը հաղթել է, սա պետք է բարձր ասել, հաղթել է Օսմանյան Թուրքիային, 10 միլիոնանոց Ադրբեջանին, իսրայելական զինուժին, ահաբեկիչներին, որոնք իրենց Հայաստանում ահաբեկված էին զգում։ Երկրին պետք է ղեկավար, որը կլինի Գարեգին Նժդեհի ու Անդրանիկ Զորավարի հետևորդը, նրանց համոզմունքներով, հայրենապաշտության գաղափարներով, անվերապահորեն մերժելով ամեն տեսակի օտար գաղափարախոսություն՝ մեր գրականության, մշակույթի մեջ, մեր հեռուստաֆիլմերում։
Ամեն տեղ օտար արժեքը պետք է մերժվի ու դեն շպրտվի։ Սա մեզ կործանեց։ Հայ ժողովուրդը հրաշքների ընդունակ ժողովուրդ է։ Դա ապացուցել ենք մեր պատմության ամենադառն օրերին, պետք է ապացուցենք նաև այսօր։ Անգամ կորցրած տարածքների վերադարձման հույս կա, միայն պետք է ղեկավար, որը սիրում է իր ժողովրդին, ոստիկանների շարքերով իրեն չի հեռացնում ժողովրդից։ Պետք է ընտրենք մեր լավագույններին ու տանենք կառավարություն, Ազգային ժողով, և կարճ ժամանակում երկիրը ոտքի կկանգնի։ Մեզ ուղղակի պետք են խելամիտ, գործից հասկացող պատգամավորներ, նախարարներ, վարչապետ ու նախագահ, ոչ թե խղճուկ, ողորմելի, ամեն օր սուտ խոսող, վախկոտ։ Նման մարդիկ արժանի են միայն աշխարհի ծաղրին, իսկ դա մեզ պատիվ չի բերում»,-եզրափակում է Աբգար Ափինյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում