Փաշինյանը կորցրել է իր հարգանքն անգամ յուրայինների շրջանում. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանը թեեւ դեռ պահում է իշխանությունը, սակայն կորցրել է հարգանքն անգամ յուրայինների շրջանում։
Նախօրեին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի մեկնարկից առաջ Փաշինյանի արարողակարգը հատուկ մտել եւ զգուշացրել է ներկաներին, որ Փաշինյանի՝ սենյակ մտնելիս բոլորը ոտքի կանգնեն։ Ի դեպ, դա արարողակարգի մաս լինելուց բացի տարրական հարգանք է պետական ինստիտուտի նկատմամբ։
Սակայն ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անգամ զգուշացումից հետո ոտքի չի կանգնել, ուշագրավ է, որ Մարուքյանը՝ ինքը, եւ իր մասը դուրս են մնացել պաշտոնական լրահոսից, եւ վարչապետի կայքում նիստի մասին տեսանյութում երեւում է միայն ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ով չուզենալով՝ ոտքի է կանգնում։ Իսկ ինչ վերաբերում է նիստի բովանդակային հատվածին, մեզ ասացին, որ Փաշինյանը հատկապես ծանրացել է օրերս ասպարեզ նետված քարոզչական տերմինի՝ «մեդիատեռորի» վրա, լրատվամիջոցներին մեղադրելով իրենց դեմ աշխատելու մեջ։
Ակնարկ է հնչել, որ չճշտված ինֆորմացիայի դեմն առնելու համար պետք է կենտրոն ստեղծել եւ ԶԼՄ-ներին պարտադրել հետեւել այդ տեղեկատվական կենտրոնին, ինչպես պատերազմի 44 օրերին էր։ Սակայն Էդմոն Մարուքյանն ասել է, որ իշխանության բոլոր օղակները լեգիտիմության խնդիր ունեն, եւ որեւէ մեկը պատերազմի ստերից հետո չի հավատա նրանց տված ինֆորմացիային։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում