Ինչքան երկար մնա Փաշինյանն իշխանության ղեկին, այնքան Հայաստանը տուժելու է․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հրադադարի մասին հայտարարությամբ չնայած Արցախում դադարեցվում են ռազմական գործողությունները, սակայն դա դեռևս երաշխիք չէ, որ պատերազմն ավարտված է։ Դրա մասին է վկայում այն, որ վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերը հարձակողական գործողություններ ձեռնարկեցին Արցախի հարավում տեղակայված հայկական զինված ուժերի դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ՝ խախտելով եռակողմ զինադադարի դրույթները։ Իսկ բախումների հետևանքով հայկական ուժերն ունեն վիրավորներ և գերեվարվածներ, որոնց վերաբերյալ տարբեր թվեր են շրջանառվում։ Ստացվում է, որ ադրբեջանական զինված ուժերը բացահայտ կերպով խախտում են հրադադարը, սակայն դա որևէ հետևանք չի ունենում, իսկ հայկական կողմը, փաստորեն, ստիպված է լինում կրկին ու կրկին զիջումների գնալ։
Եվ Նիկոլ Փաշինյանի կողմից, որն իր ստորագրությունը դրել է հրադադարի հայտարարության տակ, որևէ կոնկրետ պարզաբանում չի ներկայացվում, թե ինչու են այդպիսի իրադարձություններ տեղի ունենում։ Նույնպիսի անհասկանալի իրավիճակ է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմաններում։ Ադրբեջանական կողմը փորձում է սահմանային բարենպաստ դիրքեր զբաղեցնել։ Իսկ սահմանները որոշելու հարցում համապատասխան պետական մարմինների փոխարեն սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչներն են ստիպված լինում բանակցել ադրբեջանցիների հետ, որպեսզի նրանք առաջ չշարժվեն։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ բնակիչներին պատկանող հողատարածքները և գույքը հայտնվում են ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Եվ այս տրամաբանության համատեքստում բացառված չէ, որ առաջիկայում, առիթից օգտվելով, թուրք-ադրբեջանական հավակնություններն ավելի մեծ չափեր ընդունեն։
Դրա մասին է վկայում նաև դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ Ալիևի հայտարարությունը, թե Զանգեզուրը, Երևանն ու Սևանը իրենց պատմական հողերն են։ Հաշվի առնենք նաև, որ զորահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը ևս սպառնաց Հայաստանին։ Հիմա էլ Թուրքիան և Ադրբեջանը որոշել են նոր գազատար կառուցել, որն անցնելու է Ադրբեջանի կողմից Արցախից գրաված տարածքներով դեպի Նախիջևան, իսկ այնտեղից՝ Թուրքիայի Իգդիր նահանգ։ Եվ արդեն իսկ ահազանգեր են հնչում, թե այդ գազատարը Սյունիքով է անցնելու։ Թվում էր, թե հրադադարի ստորագրմամբ իրավիճակը գոնե պետք է կայունանա, բայց տեղի ունեցող զարգացումներից պետք է հետևություններ անել ու հասկանալ, որ հրադադարի ստորագրումը ավելի լուրջ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի ու Արցախի անվտանգության և պետականության պահպանման համար։
Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ հակառակորդն այս կարգի լկտիացել է, օրեցօր նորանոր պահանջներ է ներկայացնում և ոչ մի պայմանավորվածություն հաշվի չի առնում։ Պատճառն այն է, որ հակառակորդն զգում է, որ Հայաստանում փաստացի իշխանություն գոյություն չունի, որն ի զորու կլինի արձագանքել իրենց քայլերին և առնվազն դիվանագիտական գործիքներ կիրառել։ Այդ է պատճառը, որ Հայաստանի իշխանություններն իրենց անզորության պատճառով անգամ ծաղրանքի առարկա են դառնում։ Ալիևը նույնիսկ իրեն թույլ է տալիս հայտարարել, թե Փաշինյանն իր համար ոչ մեկ է, զրո։ Եվ բացառված չէ, որ այս ընթացքում նոր միակողմանի զիջումների մասով հասարակությունը հերթական անգամ ևս փաստի առաջ կանգնի։ Այսպիսի իրադրության արդյունքում օր օրի Հայաստանի դրությունը բարդանում է։ Հանրությունը չի կարողանում պատասխաններ ստանալ իշխանություններից, քանի որ պարտված, ձախողված, բարդույթավորված, անկարող, ապիկար իշխանությունները փաստացի անգործունակ վիճակում են գտնվում։
Իսկ ինչքան երկար մնա Փաշինյանն իշխանության ղեկին, այնքան Հայաստանը տուժելու է։ Իրավիճակի ավելի վատթար զարգացման հնարավորությունը բացառելու համար ինչքան արագ տեղի ունենա իշխանափոխությունը, այնքան մեր պետականության օգուտն է։ Սակայն իշխանափոխությունը պետք է տեղի ունենա հնարավորինս անցնցում և սահուն ճանապարհով, քանի որ այս իրավիճակում մեր երկիրը ուղղակի կարող է չդիմանալ նոր ցնցումների։ Մյուս կարևոր խնդիրն այն է, որ նոր կառավարության կազմում ընդգրկվեն պրոֆեսիոնալ և փորձ ունեցող անձինք, ովքեր թարմ ուժերով ջանքեր կգործադրեն իրավիճակը շտկելու և բանակցային հարթակում Հայաստանի դիրքերն ուժեղացնելու ուղղությամբ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում