Ուզում եք՝ կռվեք, ուզում եք՝ նահանջեք. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Երկրում տիրող անիշխանության, պետության բացակայության մասին մենք նորանոր ապացույցներ ենք ստանում։ Քանդված են գրեթե բոլոր պետական շղթաները, չեն գործում պետական կառույցները։ Արցախում շփոթ է։ Բայց ամենաողբերգականն այն է, որ մեր անվտանգության գլխավոր երաշխավորը՝ հայկական բանակը, կազմալուծված ու բարոյազրկված վիճակում է։
Բանակի եւ ՊՆ ղեկավարությունն անորոշության մեջ է՝ չգիտեն իրենց անելիքն ու չեն պատկերացնում ապագան։ Արցախում նոր գերիների ու նոր գյուղերի գրավման, մեր զորամասերի շրջափակման, Արցախում հանգիստ շրջող ադրբեջանցիների հետ կապված՝ ոչինչ չի ձեռնարկվում։
Մասնավորապես, ՀՀ իշխանությունն այլեւս որեւէ կերպ չի տնօրինում իրավիճակը, եւ ՀՀ ու Արցախի իշխանությունների միջեւ կապ չկա։
Նախօրեին, երբ ադրբեջանցիները ներխուժել են Հադրութի վերջին հատվածը եւ նոր գերիներ վերցրել, մեր տեղեկություններով, բանակի ղեկավարությունը կապվել է Նիկոլ Փաշինյանի հետ, որը դեռ շարունակում է բանակի գերագույն հրամանատարը համարվել, քանի որ ռազմական դրությունը դեռ վերացված չէ, եւ հրահանգ են խնդրել։ Նա ասել է․ ուզում եք՝ կռվեք, եթե ոչ՝ նահանջեք։
Այսինքն, որոշում կայացնելու պատասխանատվությունը թողել է զինուժի ղեկավարների վրա, որոնք կարծում են, որ այս պահին հարցին միայն քաղաքական լուծում կա։
Սակայն քաղաքական լուծումն էլ անհնարին է, քանի որ, ըստ մեր աղբյուրների, վերջին օրերին ՀՀ վարչապետը մի քանի անգամ փորձել է կապ հաստատել ՌԴ նախագահի հետ եւ միջամտություն խնդրել, սակայն Վլ․ Պուտինը կապի դուրս չի եկել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում