Այսօրվա հանրահավաքին մեծ մասնակցություն կլինի նաև մարզերից. իշխանությունները փորձելու են խոչընդոտել. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես հայտնի է, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը նախատեսում են Հանրապետության հրապարակում անցկացնել մեծ հանրահավաք, ինչպես նաև դասադուլներ ու գործադուլներ, որոնց հետ կապված արդեն մի շարք հայտարարություններ են հնչել թե՛ բուհերից, թե տարբեր կազմակերպություններից։
Սրան զուգահեռ՝ Փաշինյանը համառորեն շարունակում է ուժայինների միջոցով երկարեցնել սեփական իշխանության կյանքը։ «Փաստ» թերթի տեղեկությունների համաձայն, այսօր հատկապես Սյունիքի մարզից աննախադեպ մեծ թվով մարդիկ նախատեսում են գալ մայրաքաղաք՝ մասնակցելու ընդդիմության հանրահավաքին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մյուս մարզերից նույնպես, չնայած մարզային իշխանությունների կողմից ձեռնարկվող խոչընդոտներին ու արգելքներին, պատրաստվում են մասնակցել բողոքի ակցիաներին, անգամ փակել միջպետական մայրուղիներ։
Միևնույն ժամանակ, մենք տեղեկություններ ենք ստանում, որ իրավապահ մարմիններին, մարզպետարաններին Փաշինյանը կարգադրել է հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով խափանել մարզերից քաղաքացիների հոսքը դեպի մայրաքաղաք: Հատկապես երեկվա սյունիքյան ձախողումից հետո, ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանը սարսափելի նեղված ու զայրացած է և հրամայել է ջանք ու եռանդ չխնայել, որ այսօրվա հանրահավաքին հնարավորինս քիչ մարդ մասնակցի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում