Սահմանազատման ոդիսականը. սահմանամերձ բնակավայրերի գոյությունն ակնհայտ վտանգի տակ է. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի բնակչությանը մտահոգող հիմնական հարցերից մեկն էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդիրն է։ Այսօր մենք ականատես ենք կայծակնային արագությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացման գործընթացին, ինչը տարակուսանքի տեղիք է տալիս, քանի որ, ընդհանուր առմամբ, երկրների միջև սահմանազատումը բավականին երկար է տևում՝ նույնիսկ տարիներ։ Այդ նպատակի համար անգամ միջգերատեսչական հանձնաժողովներ են ստեղծվում, կոնկրետ սահմանային կետերի շուրջ տևական բանակցություններ են ընթանում։ Եվ այս տեսանկյունից շատ զարմանալի է, որ մեզ մոտ սահմանազատումն իրականացվում է հապշտապ կարգով ու առանց դրա առանձնահատկությունները հաշվի առնելու, այն էլ GPS համակարգով։
Օրերս էլ խորհրդարանում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե սահմանազատման բանակցությունների հիմքում դրվելու են 1928-29 թթ. քարտեզները։ Իսկ թե ինչու է հենց այդ տարիների քարտեզով սահմանազատումն իրականացվում, այդպես էլ հարցական է մնում, քանի որ, ըստ տրամաբանության, այն պետք է տեղի ունենար Հայաստանի և Ադրբեջանի՝ Խորհրդային Միության կազմից դուրս գալու պահին եղած քարտեզով։ Բացի այդ, ներկայիս սահմանազատումը չունի որևէ իրավական հիմք, քանի որ դրա մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա որևէ պայմանագիր, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ սահմանների ճշգրտման մասին խոսք անգամ չկա։ Իսկ ԱԽ քարտուղար, սորոսական Արմեն Գրիգորյանը հայտարարում է, թե սահմանազատումը տեղի է ունենում փաստաթղթային հիմքերի վրա, սակայն թե ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, վերջինս այդպես էլ չի մանրամասնում, կարևորը, որ կարողանան իմիտացիա ստեղծել, թե սահմանազատման գործընթացը իրավական հիմքեր ունի։
Մյուս կողմից էլ անհասկանալի է, թե ինչ հիմքով այս տարի կառավարության որոշմամբ լուծարվեց «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, որը գործում էր դեռևս 1973 թվականից և իրականացնում էր սահմանները ճշտելու աշխատանքները։ Իսկ հիմա էլ այնպես է ստացվում, որ հայկական կողմն ի զորու չէ իր ուժերով հասնել սահմանների ճշգրտման խնդրի լուծմանը, և դրա համար հատուկ դիմումներ են հղվում ռուսական կողմին։ Բացի դրանից, տպավորություն է, որ սահմանազատման աշխատանքներն իրականացնելիս Հայաստանի շահերը հաշվի չեն առնվում, իսկ Ադրբեջանը շարունակ պահանջներ է ներկայացնում, որոնց հայկական կողմն անընդհատ պետք է ընդառաջ գնա։ Դրանով է պայմանավորված, որ սահմանամերձ բնակչության անվտանգության ապահովման տեսանկյունից նոր ռիսկեր են առաջ գալիս։
Տեղեր կան, որ հակառակորդի զինված ուժերը գտնվում են հայկական բնակավայրերի մերձակայքում։ Եվ ներկայիս պայմաններում սահմանամերձ շրջաններով անցնող յուրաքանչյուր քաղաքացի կարող է գերի վերցվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից, իսկ թե ինչպես է ադրբեջանական կողմը վերաբերվում գերիների հետ, մենք բազմիցս առիթներ ունեցել ենք տեսնելու։ Ու հետաքրքրական է, որ այս խնդրի հետ կապված էլ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, թե «խնդիրներ առաջանալու» դեպքում զանգահարեք հետևյալ հեռախոսահամարին։ Սա ավելի շատ ծաղր է հիշեցնում, ու պատահական չէ, որ հազարավոր մարդիկ պարզապես հարց էին տալիս. «Իսկ եթե ազգովի ենք գերի այս իշխանության ձեռքին, ո՞ւմ զանգահարենք»:
Նկատենք, որ ընդհանրապես սահմանամերձ գոտին այսօր լուրջ ռիսկի տակ է։ Ուղղակի վտանգ կա, որ այդ բնակավայրերից բնակչությունը կարող է թողնել և հեռանալ, ինչի մասին այդքան երազում է թուրքադրբեջանական տանդեմը՝ հատկապես Սյունիքի ուղղությամբ։ Ուստի անհրաժեշտ է, որ սահմանամերձ շրջանների բնակչությունը լինի կառավարության հոգածության ներքո, այնտեղ բազմաթիվ ծրագրեր իրականացվեն, պայմաններ ստեղծվեն, որ մարդիկ ունենան ապրելու և արարելու բոլոր հնարավորությունները։
Բայց նույնիսկ «վարչական» ու «պետական» սահմաններն իրարից չտարբերող այսօրվա իշխանությունները այս ուղղությամբ մատը մատին չեն տալիս, նրանք հազիվ զբաղված են Ադրբեջանի՝ օր օրի ավելացող պահանջները բավարարելով։ Այլ կերպ ասած՝ իշխանությունները, մնալով պետության ղեկին, նոր սպառնալիքներ են ստեղծում երկրի համար։ Սպառնալիքներ են ստեղծում, բայց աներեսաբար, ոստիկաններով, թիկնազորով շրջապատված, ձերբակալություններով ու տեռորով փորձում են մտնել, ասենք, Սյունիք...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում