«Երբ այս վիճակին են հասցնում, պետք է թողնեն ու իրենց տեղը զիջեն, բայց իրենք նամուս չունեն»․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
2020 թվականին, ըստ էության, անխուսափելի տնտեսական անկում տեղի ունեցավ, ինչը մենք կանխատեսել էինք դեռ նախորդ տարի՝ անգամ առանց համավարակի ու առանց պատերազմի: Եվ եթե նշվածին հավելում ենք տնտեսության կառավարման ոչ միայն ցածր արդյունավետությունը, այլ արդեն կաթվածահար վիճակը, այսինքն՝ չգոյությունը, ապա այս պայմաններում պատկերն ամբողջական է դառնում: «Փաստի» հետ զրույցում այս մասին ընդգծեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Տնտեսագետի խոսքով, ստեղծված իրավիճակում երկու սցենար է հնարավոր: «Այն պայմաններում, որում այսօր հայտնվել ենք, բացի վատթարացումից այլ տեղաշարժի պետք չէ սպասել:
Եթե մյուս սցենարն աշխատի, այսինքն, իշխանություններին, մեղմ ասած, խնդրեն իրենց տեղը զիջել արժանիներին, և սկսենք ճիշտ մեկնակետից շարժվել, ապա այդ դեպքում էլ բավական լուրջ գործ կա անելու. պատերազմից տուժած տնտեսություն, սպանվածների հարազատներ, ընտանիքներ՝ իրենց բոլոր հոգսերով, փախստականներ, ավերված տներ, բանկային համակարգ, որին նույնպես վնաս է հասցվել, փոխարժեք: Այս ամենից բացի, տնտեսության ճյուղերի մի զգալի մասը կանգի վիճակում է: Նախ՝ պետք է ճիշտ գնահատել ամբողջ վնասները, որից հետո կազմել ծրագիր, աշխատանքային պլան՝ ըստ օրերի, ըստ ոլորտների, ըստ պատասխանատուների»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ սրանք շատ անհրաժեշտ ու անխուսափելի քայլեր են, բայց ներկայիս իշխանությունները ունակ չեն իրագործել: Նրա խոսքով, բացառություն չեն նաև տնտեսական ու ֆինանսական բլոկները:
«Նշված ոլորտներում ևս լայնախոհ, ոլորտներին լավ տիրապետող ղեկավարներ չկան, ինչի արդյունքում ստացել ենք 2021 թ. բյուջե, որը չի բխում ՀՀ առանձնահատկություններից: Այն բացարձակ կապ չունի պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ: Սոցիալական առումով որևէ բան նախատեսված չէ: Մեծ հաշվով, առկա իրավիճակի հետ առնչություն չունեցող թղթի կտոր է, թվերի կույտ, մինչդեռ բյուջեն մեկ տարվա կտրվածքով տնտեսության զարգացման ծրագիր պետք է լինի: Ես սա որպես փաստարկ եմ ընդգծում, ինչը հաշվի առնելով՝ պետք է հասկանանք, որ ավելի լավ կլիներ ընդհանրապես իշխանություն, տնտեսության կառավարում չունենայինք, որովհետև այդ կառավարում կոչվածն ավելի շատ խանգարում է, քան ինչ-որ բան է տալիս տնտեսվարողին»,ընդգծեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է անգամ այս փուլում բյուջեն չվերանայելու մոտեցմանը՝ նա նշեց. «Պետք է այդքան մակարդակ ունենան, որ հասկանան՝ վերանայել, թե ոչ:
Ի վերջո, կարողություն պետք է ունենան, գիտակցեն: Մարդիկ պետք է լինեն, որ վերանայեն, ո՞վ պետք է վերանայի, դատարկագլուխնե՞րը, պոռոտախոսնե՞րը, տնտեսությունն ավերած մարդի՞կ: Երբ այս վիճակին են հասցնում, պետք է թողնեն ու իրենց տեղը զիջեն, բայց իրենք նամուս չունեն»: Անդրադառնալով Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելուն՝ Թ. Մանասերյանը նշեց. «Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվում է, որ գնաճային միտումները զսպվեն, դրամի արժեզրկումը կրճատվի, և գործընթացները հնարավորինս կառավարելի դառնան: Շատ տրամաբանված և հիմնավոր քայլ է:
Իհարկե, դժվար է դրան գնալ, և դա, բնականաբար, պետք է իր հետևանքներն ունենա, բայց այլընտրանք չկա. սա նաև մեսիջ է հանրությանը, որ ավելի սահմանափակ օգտագործեն նաև վարկային ռեսուրսները, մի քիչ ավելի հաշվենկատ լինեն, որովհետև հիմա վերադարձելիության տոկոսն էլ է կրճատվել: Այսինքն, չվերադարձվող վարկերի տեսակարար կշիռն է շատացել, որը վնաս է բերում և՛ ֆինանսական համակարգին, և՛ տնտեսությանն ամբողջությամբ: Չմոռանանք նաև, որ մեկ միլիարդից ավելի վնաս բանկային համակարգը կրել է միայն Արցախի տնտեսությանը ֆինանսավորելու, վարկավորելու ծրագրերով: Եվ այստեղ իսկապես միայն ԿԲ-ի ջանքերը բավարար չեն, որն այդ իմաստով պրոֆեսիոնալ ու հիմնավոր քայլեր է իրականացնում:
Ես ներկա կառավարության մասին չեմ էլ ուզում խոսել, բայց նոր ձևավորվող կառավարությունը ԿԲ-ի հետ պետք է փորձի համաձայնեցնել հատկապես ռիսկերի կառավարումը: Հետագայում, բնականաբար, ԿԲ-ն և կառավարությունն առանձին խնդիրներ ունեն լուծելու՝ ունենալով վերջնական մեկ նպատակ, որը տնտեսության զարգացումն է»: Տնտեսագետի խոսքով, այնուամենայնիվ, դրամի արժեզրկման միտումները ևս բնական գործընթացների հետևանք են, որոնք տարածաշրջանում շատ վաղուց էին նկատվում. «Իհարկե, մեզ մոտ շարժառիթները բոլորովին այլ են, և, իհարկե, ցանկալի չէր, որ մենք դրամի նման արժեզրկում ունենայինք: Բայց ես դրա մեջ խուճապային որևէ բան չեմ տեսնում: Այն կառավարելի լողացող փոխարժեք է, և ԿԲ-ն բավարար հիմքեր, ռեսուրսներ ու գործիքակազմ ունի Հայաստանի պես կոմպակտ տնտեսությունում կայունությունը պահպանելու համար:
Տարածաշրջանում մյուս արժույթների հետ համադրելի վիճակում է գտնվում հայկական դրամը, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի արժույթի՝ ռուբլու հետ: Հիշենք, որ և՛ թուրքական լիրան, և՛ Իրանի երկու ազգային արժույթները հարյուր տոկոսից ավելի արժեզրկման են ենթարկվել, փոքր-ինչ նվազ չափով՝ ադրբեջանական մանաթը, մի քիչ ավելի նվազ՝ վրացական լարին, բայց առայժմ հայկական դրամն այդպիսի ռեկորդներ չի էլ կարող սահմանել: Իհարկե, սա մեզ չի մխիթարում, մեզ պետք է, որ օր առաջ փորձենք կայունացնել, բայց այն չպետք է արհեստական լինի: Տնտեսությունը գոնե հնարավորինս աշխուժություն կամ գոնե ստաբիլություն պետք է ունենա, որ մենք կանխատեսելի թե՛ տնտեսություն, թե՛ ֆինանսական համակարգ ունենանք»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում