Ընդդիմությունը կորցրեց «ոսկի» ժամանակը. «Իրատես»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Իրատես» թերթը գրում է.
«Ժողովուրդը լավ խոսք ունի. «Երկաթը տաք-տաք են ծեծում»։ Ընդդիմությունը կորցրեց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճիշտ ժամանակը, ու, դրանից օգտվելով, այսօր իշխանությունն է անցել հակահարձակման։ Այսօր ամեն ինչ ընդդիմության դեմ է աշխատում՝ եղանակային պայմանները, իշխանության «ֆեյքերի» նոր թափով գործի լծվելը, ընդդիմության առաջնորդների հանդեպ մեծ թափ ստացած վարկաբեկումները։
Ավելին, Փաշինյանն այնքան հանգիստ է զգում իրեն, որ իր աղանդավորական ընտրազանգվածով պատրաստում է հարձակվելու Մայր աթոռի վրա։ Մյուս ուղղություններով էլ շարունակվում են փաշինյանական «օպերացիաները». իրավապահ ողջ համակարգը լծվել է պատժիչ գործողություններ իրականացնելուն, հիմնականում իրենց հողը պաշտպանողների դեմ։ Դավաճանական ակտից հետո «դարան մտածները» արդեն կատարվածն իբր արդարացնող թեզերով ողողում են համացանցը, լրատվական դաշտը եւ հերթական անգամ լվանում ուղեղները։ Իսկ այս ամենի դեմ ընդդիմությունը շատ թույլ քայլերով է պայքարում։
Եթե Արցախը փաթեթով թշնամուն նվիրելուց հետո ընդդիմությունը չկարողացավ անմիջապես հեռացնել Փաշինյանին, հիմա Սյունիքը կամաց-կամաց զիջում են, հանրային մեծ ըմբոստությու՞ն է սպասում, այն էլ այսպիսի եղանակային պայմաններում։ Կապիտուլյացիայի հաջորդ օրերին ընդդիմությունը մարդաշատ մեծ երթեր ու հանրահավաքներ էր անում, սակայն հենց ընդդիմության ոչ արմատական քայլերի պատճառով նոսրացան ցուցարարների շարքերը։
Ընդդիմությունը չի ցանկանում հակասահմանադրական ճանապարհով գնալ։ Ցույց տվեք այսօրվա իշխանության որեւէ գործողություն, որն ինչ-որ օրենք, սահմանադրական իրավունք չի խախտել։ Նիկոլ Փաշինյանն անօրինական եղանակներով բռնազավթեց իշխանությունը եւ շարունակեց աղաղակող օրինախախտումներով 2,5 տարի պաշտոնավարել։ Այս մարդը չի կարող օրինական ճանապարհով հեռանալ, որովհետեւ երբեք բանի տեղ չի դրել օրենքը։
Որքան էլ անցնցում հեռանալու բարոյախրատական ելույթներ ունենաք, կոչեր հղեք նրան, միեւնույն է, տեղ չի հասնելու, որովհետեւ Փաշինյանը իշխանությունը վերցնելու եւ պահելու միայն անօրինական ճանապարհը գիտի։ Եթե ընդդիմությունը մտածում է, որ արմատական քայլերով իշխանության հեռացումը երկրի վարկանիշին կվնասի, խնդիրներ կստեղծի Հայաստանի համար, պիտի հանգիստ լինի. Հայաստանը վաղուց ոչ վարկանիշ ունի, ոչ էլ ինչ-որ մեկը նրան բանի տեղ է դնում։ Ինչ վերաբերում է խնդիրներին, խեղդվող երկիրը միայն մեկ խնդիր ունի՝ փրկվել խեղդվելուց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում