Սենսացիոն բացահայտում Ալիևի մասին
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս պատմությունը հույժ հավաստի տեղեկություն է: Մեր երկու զրուցակիցներն էլ ժամանակին բավականին բարձր պաշտոններ են վարել Հայաստանում 1991–1993 թթ.: Նրանցից մեկը ուղղակի անձամբ է մի քանի անգամ խոսել Հեյդար Ալիևի հետ:
Հեյդար Ալիևը 1991 թ. սեպտեմբերի 5–ից մինչև 1993 թ. հուլիսի 23–ը զբաղեցնում էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնը: 1992 թ. հունիսի 7–ին Ադրբեջանի նախագահ դարձավ «Ժողովրդական ճակատի» նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը: Նա գահընկեց արեց Այազ Մութալիբովին: Ու չնայած Էլչիբեյին համարում են քաղաքականությունից հեռու մարդ, սակայն նա լավ էր հասկանում, որ իր պաշտոնի վրա աչք ունի Նախիջևանի Մեջլիսի նախագահ Հեյդար Ալիևը: Նրանց հարաբերությունները բավականին վատ էին: Ղարաբաղյան պատերազմում Էլչիբեյի յուրաքանչյուր ձախողում Ալիևին «մոտեցնում» էր նախագահի աթոռին:
Եվ ահա, 1992–ի աշնան մի երեկո, ՀՀ նախագահի նստավայրում տեղակայված մի կարևոր օղակի ղեկավարը հեռախոսազանգ ստացավ: «Ես Նախիջևանի Մեջլիսի նախագահ Հեյդար Ալիևն եմ, ուզում եմ համագործակցենք մի քանի խնդիրների շուրջ»: Պաշտոնյան, որ սովոր էր ինքնուրույն գործել, կարկամեց, սկզբում չհավատաց իր ականջներին, բայց ձայնը Ալիևինն էր: «Շատ լավ,– պատասխանեց պաշտոնյան,– բայց ես պետք է խորհրդակցեմ երկրի նախագահի հետ, կարո՞ղ եք մեկ ժամից զանգել»: «Բարի,– պատասխանել էր Ալիևը,– կզանգահարեմ երկու ժամից»:
ՀՀ նախագահից իրավունք ստանալով, պաշտոնյան երկու ժամ անց պատասխանեց Ալիևի երկրորդ զանգին:
Ամիսներ շարունակ նրանք կապի մեջ էին: Միշտ զանգահարողը Ալիևն էր, ով հենց առաջին խոսակցության ժամանակ ասել էր, որ ինքը կապ է հաստատել պաշտոնական Ադրբեջանից թաքուն:
Մի քանի ամիս անց նման հեռախոսազանգ ստացավ նաև անվտանգության մարմինների մեր այնժամանակվա ղեկավարը: Մարտակերտի, Աղդամի, Ջաբրայիլի ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ էր: Ալիևը մերոնց հուշել էր, թե ինչպես և երբ կարելի էր վերցնել այս կամ այն տարածքը, որպեսզի երկու կողմերը կորուստներ չունենան, կամ` քիչ ունենան:
Խոսվում էր նաև Նախիջևան–Հայաստան սահմանային խնդիրների մասին:
Մեր հետախուզությունը մի քանի անգամ պարզել էր, որ Հեյդար Ալիևը չի ստում և իր խոսքի տերն է:
Մենք որոշ մանրամասներ գիտենք Ալիևի հեռախոսազրույցներից, որոնք առավել հետաքրքրաշարժ են, բայց նպատակահարմար չէ դրանք հրապարակելը:
1993 թ. հունիսի 4–ին ադրբեջանական բանակի պարտություններից հետո Գանձակում Էլչիբեյի դեմ խռովություն սկսեց գնդապետ Հուսեյնովը: Զինվորական հեղաշրջումից հետո Էլչիբեյը թողեց Բաքուն և հեռացավ Նախիջևան: Միլի Մեջլիսը Հեյդար Ալիևին նշանակեց հանրապետության նախագահի պաշտոնակատար: Իսկ 93–ի հոկտեմբերի 10–ին Հեյդար Ալիևն ընտրվեց Ադրբեջանի նախագահ:
1994 թ. մայիսին կնքվեց հրադադարի մասին պայմանագիրը: Հրադադարի պայմանագրից հետո մի քանի տարի շարունակ ղարաբաղաադրբեջանական սահմանում գրեթե միջադեպեր չեն եղել: Ալիևը կարգադրել էր պրովոկացիաներ չսադրել:
Արդյո՞ք նա մտավախություն ուներ, որ հայերը մի օր կբարձրաձայնեն իր հեռախոսազրույցների մասին, թե պարզապես նա ավելի խաղաղասեր էր, քան իր «փափկասուն» զավակը, հայ–ադրբեջանական հարաբերությունները նրա օրոք ավելի մեղմ էին…
Հ.Գ. Նյութում հիշատակված ՀՀ նախագահի նստավայրում կարևոր պաշտոն ունեցող անձը այն ժամանակ ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանն է: Փաստորեն Հ. Ալիևը Հայաստանի հետ կապը հաստատել է Ա. Մանուչարյանի հետ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: