Մի քանի բուհերում իշխանությունը, չկարողանալով իր համար ցանկալի ռեկտորների թեկնածուներ անցկացնել, որոշել է օրենք փոխել ու համակարգը վերջնականապես տապալել. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 13-ի նիստում ընդգրկված է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի փաթեթը: Այս փաթեթը դեռ նախորդ տարվա վերջին հասցրեց քննադատության ալիք բարձրացնել, քանի որ անընդունելի ձևակերպումներ ուներ ուսումնական հաստատությունների համար:
Բանն այն է, որ մի քանի բուհերում իշխանությունը, չկարողանալով իր համար ցանկալի ռեկտորների թեկնածուներ անցկացնել, որոշել է օրենք փոխել ու համակարգը վերջնականապես տապալել: Նոր նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ լիազոր մարմնի՝ Կառավարության կողմից մեկ կամ հինգ տարով բուհի ռեկտոր նշանակել, ինչը բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությանը հակասող դրույթ է:
Ի դեպ, այդ օրենքի շատ ձևակերպումներ նաև հակասահմանադրական են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում փաթեթի շուրջ բուռն քննարկումներ եղել են, նույնիսկ խորհրդարանում հանդիպել են տարբեր բուհերի ռեկտորների, որպեսզի փորձեն կոնսենսուսի հասնել և օպտիմալ փոփոխություններ կատարել:
Հավելենք, որ հանձնաժողովի նիստին ներկա կլինի նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը»,-գրում է թերթը:
Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում