«Բոլորիս համար մեծ ուժ ու համբերություն եմ խնդրում, պետք է ոտքի կանգնենք». Աննա Հարությունյանը՝ 32-ամյակի և նոր զբաղմունքի մասին
ՖՈՏՈՌեժիսոր, դերասանուհի Աննա Հարությունյանն այսօր տոնում է 32-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ պատրաստվում է համեստ նշել օրը:
«Երբեք մեծ տոնակատարությունների ջատագով չեմ եղել: Այս տարի էլ շատ համեստ կնշեմ օրս՝ պայմանավորված համավարակով և երկրում տիրող իրավիճակով։ Մի քանի ընկերներիս հետ կլինենք տանը»,- ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ նպատակներ ունի, Աննան պատասխանեց. «Վերջին մեկ տարվա ընթացքում ես ի խորոց սրտի հասկացա խաղաղություն, առողջություն բառերի նշանակությունը: Ցանկությունս այն է, որ խաղաղ լինենք, առողջ լինենք թե՛ մարմնով, թե՛ հոգով: Առանց խաղաղության և առողջության մարդ ոչ մի նպատակի չի կարող հասնել»։
Աննան նկատեց, որ ձգտում է հավասարակշռության, քանի որ երջանկությունը հարատև չէ։ «Կարծում եմ՝ երջանկության բանաձևը քո ունեցածով գոհանալն ու շնորհակալ լինելն է» ,- նշեց նա:
Դերասանուհին նշեց, որ տարիքի թվերն իրեն չեն վախեցնում: «Չէ՞ որ շատերը, ցավոք, զրկվել են այդ հնարավորությունից, ես միայն շնորհապարտ եմ կյանք կոչված ընծայի համար և գեղեցիկ եմ համարում ամեն տարիք,- ասաց նա և հավելեց, որ իր անձնական ձեռքբերումն ու կորուստը չնչին են նրա համեմատ, ինչ կատարվեց մեր ազգի ու հայրենիքի հետ,- Ես ամեն օր վերլուծում եմ կատարվածը, փորձում առաջ նայել՝ հաղթահարելով ցավը, բոլորիս համար մեծ ուժ ու համբերություն եմ խնդրում, մենք պետք է ոտքի կանգնենք, այլ տարբերակ չկա, պետք է ուժեղանանք ամեն առումով, դրան հասնելու միակ ճանապարհը միասնականությունն է, իրար թև ու թիկունք լինելը»,- ասաց նա:
Աննայի խոսքով՝ շուրջ մեկ տարի է՝ օրը սկսում է յոգայով, այս օրն էլ բացառություն չէ: «Յոգայով զբաղվելով ամեն օր ես վերածնվում: Լոս Անջելեսում ընկերուհուս հրավերով փորձեցի յոգա, մինչև այդ միշտ զբաղվում էի սպորտով, բայց յոգան, ի տարբերություն սպորտաձևերի, օգնում է ստեղծել ինքդ քեզ՝ ազատում է ավելորդ, խանգարող մտքերից, հույզերից, բերում է ներդաշնակություն, խաղաղություն և վերջապես դիսցիպլինա: Յոգայով սիստեմատիկ զբաղվելը կյանքիս կարևորագույն որոշումներից մեկն է եղել: Յուրաքանչյուր գերազանց արդյունքի համար մեծ աշխատասիրություն և համբերություն է հարկավոր: Յոգան, ինչպես մարդկային հոգին, սկիզբ և վերջ չունի, այն ճանապարհ է, որով անցնում է մարմինը, միտքը, հոգին; Վերջնակետը կամ սկիզբը ինքդ քեզ հետ հանդիպելն է: Ես այդ ճանապարհին եմ» ,- եզրափակեց նա: