Հայտնի է՝ ինչից է մահացել 28-ամյա ծննդկանը․ «Սլավմեդի» երիտասարդ բժշկուհուն մեղադրա՞նք կառաջադրեն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումից մեկ օր անց մահացած 28-ամյա Տաթեւ Գասպարյանի գործով նոր զարգացումներ կան։
Նախնական եզրակացության համաձայն՝ կեսարյան հատման ժամանակ անոթի ամբողջականությունն է խախտվել, ինչն էլ չեն վերականգնել, որն էլ հանգեցրել է երիտասարդ կնոջ մահվան։
«Ըստ հիվանդության պատմագրի՝ վիրահատությունն արել է Լիանա Դաղբաշյանը։ Ես անձամբ դրան չեմ հավատում, որովհետեւ չի կարող բժշկական պրակտիկայում այնպես լինել, որ երիտասարդ բժշկուհին լինի վիրահատողը, իսկ բաժանմունքի վարիչ Վարդան Եափյանը՝ ասիստենտ։ Հիմա դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն է նշանակվել, որից հետո եթե հաստատվի նախնական եզրակացությունը, ուրեմն մեղադրանք կառաջադրվի բժշկուհուն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մահացած ծննդկանի ամուսինը՝ Նորայր Հարությունյանը։
Նշենք, որ ավելի վաղ Տաթեւի մայրը մեզ հետ զրույցում պատմել էր, որ կեսարյան հատման ցուցում չի եղել, պարզապես բժշկուհին համոզել է՝ այդպես ավելի ապահով կլինի երեխայի համար։ Մոր խոսքով՝ վիրահատությունը նորմալ էր անցել, սակայն կարճ ժամանակ անց դստեր վիճակը սկսել էր վատանալ, ճնշումն էր ընկել, իսկ բուժքույրն էլ խորհուրդ էր տվել սուրճ խմել եւ շոկոլադ ուտել։ Ծննդկանի վիճակը, տիկին Հասմիկի պատմելով, գնալով ավելի էր վատանում, որովայնը սկսել էր այրվել, իսկ ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնում՝ բացառելով նույնիսկ տարբերակը, թե կարող է անոթ է վնասվել եւ արյունը որովայնի մեջ էր լցվում։
«Վիրահատությունից մոտ 6 ժամ անց հերթապահ բժիշկը ուլտրաձայնային հետազոտություն կատարեց եւ ասաց, որ ամեն ինչ կատարյալ է, արգանդը կրճատվում է: Ավելի ուշ նա խոստովանեց, որ մասնագետ չէ եւ այնքան էլ չի հասկանում սոնոգրաֆիայից: Հրավիրեցին սոնոգրաֆիայի մասնագետի՝ փորձառու տարեց կնոջ, որն էլ հետազոտելով ասաց, որ հնարավոր է ներքին արյունահոսություն է՝ նրա որովայնի մեջ արյուն էր կուտակվում: Ժամը 1։20-ին վիրահատարան տարան՝ ասելով, որ ընդամենը մազանոթներն են պայթել․․․ ժամը երեքին արդեն ասացին մեզ, որ գնանք արյուն բերելու»,- պատմել էր Տաթեւի մայրը։
Արդեն լուսադեմին ծննդկանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն՝ այդպես էլ հարազատներին չբացատրելով, թե որն է եղել նրա վատանալու պատճառը։ Տեղափոխվելուց ժամեր անց 28-ամյա ծննդկանը մահացել է։
Տաթեւի Գասպարյանի հարազատները կատարվածում մեղադրում են «Սլավմեդի» բժիշկներին։
Նշենք, որ այս հիվանդանոցում այս տարվա ընթացքում երկու ծննդկան է մահացել։