Քամուն տված տնտեսություն
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈւնենք մի իրողություն, որ Հայաստանում տնտեսական անկումը խորանում է, առաջին անհրաժեշտության ապրանքները շարունակում են թանկանալ, ազգային արժույթը՝ դրամը արժեզրկվել։ Մենք ամսեամիս ավելի ենք ընկղմվում տնտեսական ճգնաժամի մեջ, որի հետևանքով երկու-երեք տարի առաջ լավ կյանքի սպասումներով հեղաշրջում իրականացրած մարդկանց սոցիալական վիճակի վատթարանում է։ Տեղի են ունենում գործընթացներ, որոնք փաստում են տնտեսության այս վիճակի և մարդկանց տագնապների մասին։ Դրանցից մեկը ֆիզիկական անձանց կողմից գումարների դուրս բերումն է երկրից։ Տեղին է փաստել, որ ԿԲ հրապարակման համաձայն, անցած տարվա երրորդ եռամսյակում ոչ միայն Հայաստանում ներդրումները չեն ավելացել, այլև 12,9 մլն դոլար ներդրողները դուրս են բերել Հայաստանից, հակառակ Էկոնոմիկայի նորանշանակ նախարարի՝ միլիարդավոր դոլարների ներդրումների մասին ցնորամիտ հայտարարությունների։ Եվ ահա, իրենց գումարները սկսել են զանգվածաբար դուրս բերել երկրից նաև Հայաստանի բնակիչները։
Ըստ այդմ՝ ԿԲ տվյալների համաձայն, անցած տարվա նոյեմբերին Հայաստանի պատմության մեջ բացառիկ ցուցանիշ է արձանագրվել՝ ավելի շատ գումար մասնավոր փոխանցումների տեսքով դուրս է եկել Հայաստանից՝ 167 մլն դոլար, քան մուտք գործել՝ 152 մլն դոլար։ Զուտ ներհոսքը բացասական է՝ 15 մլն դոլար։ Ի՞նչ է սա նշանակում։ Մարդիկ վստահություն չունեն ոչ միայն ապագայի, այլև ներկայի հանդեպ։ Հայաստանը անվտանգության ապահովման խնդրի է բախվել, ինչը չի եղել մեր անկախության ամբողջ ժամանակահատվածում։ Եթե այսօր գումարներն են փոխանցում Հայաստանից արտերկիր իրենց հարազատներին կամ իրենց անունով դրսում բացված բանկային հաշիվներին, ապա վաղը, երբ բացվեն սահմանները, իրենք զանգվածաբար լքելու են Հայաստանը։ Նման աղետալի վիճակն անգամ 90-ականների հետ համեմատելի չի։
Եթե անդրադառնանք դրամի արժեզրկմանը, նշենք, որ դրան նպաստել է նաև զբոսաշրջիկների բացակայությունը, արտահանման անկումը, մեր նյութական ահռելի կորուստները արցախյան պատերազմում։ ԿԲ-ն փորձում է թույլ չտալ դրամի փոխարժեքի կտրուկ անկում։ Սակայն այլ ճանապարհ, բացի մեր միջազգային պահուստները «մաշեցնելը» այն չունի։ Տարեսկզբի համեմատ մեր միջազգային պահուսները նվազել են շուրջ 400 մլն դոլարով։ Այսինքն, այդ չափով արտարժույթ ԿԲ շուկա է մտցրել, որպեսզի կանխի դրամի արժեզրկումը։ Տարեսկզբին, 2020 թ․-ի հունվարի 31-ի դրությամբ մեր միջազգային պահուստները 2 մլրդ 671 մլն դոլար էին։ Որոշակի փոփոխություններով այս ցուցանիշը պահպանվում էր մինչև օգոստոս ամիսը։ Սակայն սեպտեմբերից սկսվեց շուկայում արտարժույթային խոշոր ներարակումները, ինչի հետևանքով նոյեմբերի 30-ի դրությամբ մեր միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 277 մլն դոլար։ Տեսնենք, թե այս ներարկումները ի՞նչ արդյունք են տվել և դրամի փոխարժեքն ինչպե՞ս է փոխվել այդ նույն ժամանակահատվածում։ Ներկա պահին, ըստ ԿԲ-ի, դրամի միջին փոխարժեքը դոլարի նկատմամբ արդեն 523 դրամ է։ Երեք ամսում դրամն արժեզկվել է 7-8 տոկոսով։
Կարելի է ենթադրել միայն, թե դրամի ի՞նչ թռիչքային արժեզրկում կունենայինք, եթե չլիներ ԿԲ նման մեծածավալ միջամտությունը։ Միաժամանակ, հարկ է նշել, որ եթե տնտեսությունը շարունակի ներկայիս անկումը, ապա արտարժույթի ներարկումները և մեր միջազգային պահուստների նման տեմպերով մաշեցնելը վիճակը չի փրկի։ Բոլոր այն ճգնաժամային երևույթները, որ տեղի են ունենում մեզանում, կշարունակվեն և կխորանան։
Անդրանիկ Կիրակոսյան