«Փաշո ե՞ս, թե՞ Փայլո, ապերի՛կ». Վանաձորում ըմբշամարտի չեմպիոնը դանակահարել է խորթ մոր բարեկամին՝ նրա անունը «լավ չլսելու» պատճառով
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ1in.am-ը գրում է.
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Մաթևոս Սարոյանի գործի դատական քննությունը:
24-ամյա Մաթևոսը ժամանակին եղել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, իսկ դեպքի կատարման պահին նա աշխատել է դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Մաթևոսին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Տուժողը Մաթևոսի խորթ մոր բարեկամն է:
Դեպքի պահին Մաթևոսը նույն գործիքով առողջության թեթև վնաս է հասցրել ևս մեկ անձի, ով չի բողոքել, այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է:
Դատական ակտում ամրագրված է, որ Մաթևոսի ծնողները 2013 թվականին ամուսնալուծվել են: Մաթևոսն ու քույրն ապրել են մայրիկի հետ: Հայրը ամուսնացել է ուրիշ կնոջ հետ, նոր ընտանիք է կազմել: Մաթևոսը պարբերաբար այցելել է հորը, շփվել է նրա ընտանիքի հետ:
2015 թվականի մարտի 15-ին, ժամը 21-ի սահմաններում Մաթևոսը այցելել է Վանաձորի Բաթումի փողոցի տնակներից մեկում ապրող հոր ընտանիքին: Բակում տեսել է անծանոթ մեքենա: Այդ պահին Մաթևոսի խորթ մոր քույրն իր ամուսնու, վերջինիս եղբոր, երեխաների հետ հարևանի մեքենայով եկել էր քրոջը տեսության:
Երբ Մաթևոսը բակ է մտել, այդ հյուրերը նույնպես բակ են դուրս եկել ու սկսել են հրաժեշտ տալ: Մաթևոսը մոտեցել է խորթ մորաքրոջ ամուսնուն՝ Փաշիկին, ու, ըստ դատական ակտի՝ «ծաղրելով և «ապերիկ» անվանելով՝ հարցրել է նրա անունը»: Ծաղրական տոնից Փաշիկը զայրացել ու Մաթևոսին ապտակել է մեկ անգամ: Նրանց մեջ քաշքշոց է առաջացել: Փաշիկի եղբայր Ստեփանը, մեքենայի վարորդ Արմենը, ինչպես նաև Փաշիկի կինը փորձել են հեռացնել կռվողներին:
Ըստ դատական ակտի՝ «չհանդուրժելով հոր տան առաջ օտարի կողմից ապտակ ստանալու հանգամանքը, անտեսելով տատի ու խորթ մոր խնդրանքները՝ կռիվը դադարեցնելու վերաբերյալ, Մաթևոս Սարոյանը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է կռիվը դադարեցնելու ջանքեր թափող Արմենի գոտկային շրջանին՝ պատճառելով թեթև վնաս, ապա՝ Փաշիկի եղբոր՝ Ստեփանի թիկունքային աջ շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ ծակած-կտրած թափանցող վերք՝ աջակողմյան պնևմոթորաքսով և ենթամաշկային էմֆիզեմայով:
Ստեփանը գոռացել է, օգնություն է կանչել, իսկ Մաթևոս Սարոյանը դիմել է փախուստի:
Ստեփանին տեղափոխել են հիվանդանոց:
Մաթևոսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նա հայտնաբերվել ու կալանքի տակ է առնվել մեկ ամիս անց՝ 2015 թվականի ապրիլի 16-ին:
Նախաքննության ընթացքում Մաթևոսը հայտնել է, որ հոր տան բակ մտնելով՝ տեսել է բարձրաձայն խոսելով մեքենա նստող անծանոթ մարդկանց: Մոտեցել է նրանցից մեկին ու հարցրել է անունը: Նա պատասխանել է՝ Փաշո: Ինքը լավ չի լսել ու հարցրել է. «Փաշո՞, թե՞ Փայլո»: Այդ մարդը կոպիտ կերպով կրկնել է անունը, իրենք սկսել են վիճել:
Նա քաշքշել է իրեն և հարվածներ է հասցրել: Ինքը վայր է ընկել: Մեքենայի մոտից մի կին ու երկու տղամարդ են մոտեցել, նրանք սկսել են իրեն այդ վիճակում հարվածներ հասցնել:
Մտածելով, թե այդպես հարվածելով՝ իրեն կսպանեն, ինքը գետնից ինչ-որ առարկա է վերցրել, աջ ու ձախ շարժել է, որ պաշտպանվի: Նրանք վախեցել են, նստել են մեքենա ու հեռացել են:
Ինքը նպատակ չի ունեցել որևէ մեկին վնասվածք պատճառելու: Նրանց գործողությունների պատճառով դիմել է ինքնապաշտպանության: Ինքն այդ անձանց չի ճանաչել, դեպքից հետո է իմացել, որ նրանք իր խորթ մոր բարեկամներն են: Եթե ի սկզբանե իմանար, միգուցե վիճաբանություն չլիներ:
Դատարանում Մաթևոսը պնդել է նախաքննական ցուցմունքները: Նա հայտնել է, որ հոր բակ մտնելով, այնտեղ օտար մարդկանց տեսնելով, աղմուկ լսելով՝ կարծել է, թե հորը ինչ-որ բան է պատահել: Ինքը մոտեցել է տղամարդկանցից մեկին, անունն է հարցրել, նրա ասած անունը լավ չի լսել: Այդ մարդը կոպիտ ասել է. «Փաշո, չլսի՞ր, արա՛»:
Ինքը նրան չի ծաղրել, ծաղրելու իմաստով չի ասել՝ Փայլո, այդպես է լսել նրա անունը: Բայց նրա կոպիտ պատասխանից ինքը զայրացել է, կոպիտ խոսքեր է ասել: Նրանք՝ կին, տղամարդ, սկսել են իրեն հարվածել: Իր ձեռքին դանակ չի եղել: Առաջինը Փաշիկն է խփել իրեն՝ ապտակել է: Դրանից հետո, երբ ինքը զայրացել ու վիրավորվել է, բոլորը բռնել են իր ձեռքերը, հետո էլ սկսել են բոլորով իրեն հարվածներ հասցնել:
Ճիշտ է, ինքը սպորտսմեն է, բայց այնքան անկանոն էին իրեն հարվածում, որ պահի տակ ինքը կողմնորոշումը կորցրել է: Նրանց հետի կինը պայուսակով ուժգին հարվածել է իր գլխին: Ինքն ընկել է: Բակի սեղանից ինչ-որ բան է զրնգալով ընկել: Ինքը վերցրել է այդ առարկան ու դրանով է խփել, որ պաշտպանվի:
Ինքը ընկած վիճակում էր, այդ առարկան տեսել է գետնին, վերցրել է: Նրանք երեքով իրեն խփում էին: Ինքը մի բան էր մտածում՝ իրեն պաշտպանի, չծեծվի, չվնասվի, մի վնաս էլ ինքը տա… Նրանց հարվածել է իրեն պաշտպանելու համար: Ինքն ունի առողջական խնդիրներ:
Թե գետնից վերցրած առարկայով ում և ինչպես է խփել՝ չի գիտակցել: Իր արածից երբևէ չի հրաժարվել, կատարված միջադեպում ինքն ունի իր մեղավորությունը, բայց իր ձեռքին դանակ չի եղել, ինքը դիտավորությամբ չի հարվածել:
Ինքն էլ էր դեպքի ժամանակ վնասվածքներ ստացել՝ բերանն էր վնասվել: Տուն է գնացել շորերը պատռված ու վնասվածքներով:
Երբ իմացել է, որ կռվի մասնակիցներից մեկը հիվանդանոցում է, զանգել է, որ ճշտի՝ ո՞նց է, իրենից հազար դոլար են պահանջել, որ չբողոքեն: Ինքը պատասխանել է, որ ոչինչ չունի տալու:
Հասկացել է, որ նրանք «կեղծ բողոքներ» են գրել, հասկացել է, որ իրեն «փակելու են»: Ինքն անձնական խնդիրներ է ունեցել, ցանկացել է դրանք լուծել, հետո ներկայանալ ոստիկաններին:
Ինքն այդ Փաշիկին «ապերիկ» չի ասել, ասել է՝ «ապեր»…
Ժամանակին ինքը զբաղվել է «մեծ սպորտով՝ ըմբշամարտով, լուրջ հաջողություններ է ունեցել, անգամ՝ Եվրոպայի չեմպիոն է դարձել: Բայց 2014 թվականին ողնաշարի հետ կապված առողջական խնդիրների պատճառով մեծ սպորտը թողել է, աշխատել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Երբ կռվի ժամանակ անծանոթ կինը պայուսակով խփել է իր գլխին, ողնաշարի հիվանդության պատճառով վերջույթները թուլացել են, դրա համար ինքը մտածել է, որ պետք է դիմի ինքնապաշտպանության: Փորձել է փրկել իր առողջությունն ու կյանքը: Բոլորովին նշանակություն չունի, որ ինքը սպորտսմեն է, տվյալ դեպքում իրեն ծեծել են մի քանի հոգով…
Գործով վկա Փաշիկը՝ Մաթևոսի խորթ մորաքրոջ ամուսինը, հայտնել է, որ ընտանիքի՝ կնոջ, երեխաների, եղբոր՝ տուժող Ստեփանի հետ հարևան Արմենի մեքենայով իրենց գյուղից եկել էին Վանաձոր՝ Ռուսաստան մեկնող մորը ճանապարհելու: Երբ հրաժեշտ են տվել մայրիկին, գյուղ վերադառնալուց առաջ կինը խնդրել է, որ այցելեն Վանաձորում ապրող քրոջը:
Գնացել են, իրենց դիմավորել են կնոջ քույրն ու նրա սկեսուրը: Սուրճ են խմել, մի տասը րոպե զրուցել և դուրս են եկել այդ տնից: Պատրաստվել են բակում կանգնած մեքենան նստել: Այդ պահին իրեն է մոտեցել մի անծանոթ տղա, ասել է. «Յա, էս ո՞վ ա»: Ինքը ձեռքը մեկնել ու ասել է, որ իր անունը Փաշիկ է: Երիտասարդն ասել է. «Հա, ի՞նչ անեմ, իմ անունն էլ ա Փաշիկ, ա՛յ ապերիկ»:
Իրեն թվացել է, թե նա ծամածռություն էլ է անում: Ինքը չի հանդուրժել, որ ընտանիքի ներկայությամբ իր հետ այդպես խոսեն, սկսել է քաշքշել այդ տղային ու մի անգամ էլ ապտակել է: Երիտասարդը հարձակվել է իր վրա, բայց չի կարողացել հարվածել, որովհետև մյուսները նրան հետ են պահել:
Քենու սկեսուրն ասել է, որ այդ տղան իր թոռն է: Այդ ընթացքում երիտասարդը ինչ-որ առարկայով հարվածել է իր եղբորն ու հարևանին, հետո նա դիմել է փախուստի: Եղբայրը օգնություն է կանչել, իրենք մեքենայով նրան տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Վկան ընդունել է, որ իրենք մի քանի հոգով հարվածել են Մաթևոսին, իր հարազատները փորձել են իրեն պաշտպանել…
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Մաթևոսի ողնաշարի հիվանդությունը չի խոչընդոտել նրա ակտիվ շարժումներին, գլխին ստացած հարվածից նրա վերջույթները չէին կարող թուլանալ…
Տուժողը դատարանում հայտնել է, որ Մաթևոսի նկատմամբ բողոք, պահանջ չունի, խնդրում է նրան ազատ արձակել:
Ընդհանուր իրավասության դատարանը Մաթևոս Սարոյանին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Մաթևոս Սարոյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի ապրիլի 16-ից: