Կինոն դեմ է ժամանակին, ժամանակը` Փելեշյանին
ՄՇԱԿՈՒՅԹԿինոն եղել է բոլոր արվեստներից առաջ: Բայց տեխնիկապես հայտնվել է բոլոր արվեստներից հետո: Մայիսի 5-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում նման կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանը:
«Կինոն իր առանձնահատուկ վերաբերմունքն ունի ժամանակի նկատմամբ: Ամբողջ աշխարհում օգտագործվում է մի միտք, որ կինոն գրանցված ժամանակն է, իսկ ես կարծում եմ, որ ժամանակը չի դրոշմվում, մենք ժամանակում գրանցում ենք ինչ-որ բան ժապավենի վրա: Ժամանակը երբեք չի գրանցվում: Կինոն ժամանակի համար հիշողություն է»,- նշեց Արտավազդ Փելեշյանը:
Ճանաչված ռեժիսորը շեշտեց` կինոն դեմ է ժամանակին:
«Ֆրանսիական թերթը մի հոդված էր գրել իմ մասին: Դրական հոդված էր, բայց վերնագիրը ճիշտ չէր` «Փելեշյանը` դեմ ժամանակին և բառին»: Շատ սխալ է: Փելեշյանը շատ փոքր մարդ է, որ դեմ լինի հրեշավոր, հզոր ժամանակին: Ես չեմ կարող դեմ լինել: Ժամանակն է Փելեշյանի դեմ, ոչ թե հակառակը: Ես խոսքին ու բառին դեմ չեմ, կան բառերով արված հրաշալի ֆիլմեր, օրինակ` վերջերս տեսել եմ Ռուբեն Գևորգյանցի` Տոնինո Գուեռոյի մասին ֆիլմը (ի նկատի ունի ռեժիսորի` 2008 թվականին ներկայացված «Հրաշագործի աշունը» ֆիլմը-խմբ. ): Այն արված է բառերի հիման վրա: Ես քիչ եմ օգտագործում բառեր` խնայելով ժամանակը հանդիսատեսի համար: Եթե 5 նախադասություն ես ուզում բառերով ասել, ստիպված ես այդ 5 նախադասության տևողությամբ պատկերներ ապահովել: Ինձ համար դա անընդունելի է, ես ուզում եմ հանդիսատեսի համար խնայել ժամանակը»,-շեշտեց «Տարածական մոնտաժի» մեթոդի հիմնադիրը:
Արտավազդ Փելեշյանը վստահ է` ժամանակը շատ հզոր բան է, բայց և այնպես կինոն էլ է հզոր: «Ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է հզոր կինոյից»,-ընդգծեց նա: