«1000 դրամների» հիմնադրամին վճարվող գումարներն արդեն բարձրացվել են․ որքա՞ն դրոշմանիշային վճար կվճարեք՝ ըստ ձեր աշխատավարձի չափի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարված վերջին փոփոխություններից մեկը վերաբերում է դրոշմանիշային վճարներին:
Եթե մինչև 2020 թվականը սույն օրենքում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում էին 1000 դրամ գումարի չափով, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` 12 000 դրամ գումարի չափով, ապա 2021 թվականի հունվարի 1-ից օրենքով սահմանվել է դրույքաչափերի սանդղակ: Այն է`յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի` ներքևում նշված անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով`
Աշխատանքային պայմանագրով ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք,
աշխատանքային պայմանագրով ՀՀ տարածքում աշխատող ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք,
աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս եկամուտ ստացող՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք,
աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող՝ ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձինք;
- Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 1500 դրամ
- 100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 3000 դրամ
- 200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 5500 դրամ
- 500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 8500 դրամ
- 1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 15 000 դրամ։
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
- Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 18 000 դրամ
- 1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 36 000 դրամ
- 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 66 000 դրամ
- 6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 102 000 դրամ
- 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 180 000 դրամ
Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար չեն վճարում`
1) վերը նշված այն անձինք, որոնք չունեն տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ստացման ենթակա աշխատավարձ և (կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ստացված եկամուտ.
2) այն անհատ ձեռնարկատերերը և նոտարները, եթե բացակայում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաները.
3) Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: