Մենք չենք ասում՝ եկել ենք փրկենք, մենք ասում ենք՝ եկել ենք գործ անենք.Արման Վարդանյան
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է, որ շաբաթ օրը հայտարարվեց «Միասնություն» շարժման գործունեության սկզբի մասին:
«Մենք կուսակցություն չենք, որ նստենք նկուղային հարկերում, կանոնադրություն գրենք, հետո հրամցնենք և ասենք՝ մեր կանոնադրությունը կամ ծրագիրն է։ Մենք մեր ծրագիրը գրելու ենք՝ շփվելով մեր ժողովրդի հետ»,-հայտարարում է «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը:
Առողջ, մրցակցային դաշտի ստեղծում, հայրենասեր անհատների, կարող ուժերի և ինտելեկտուալ ներուժի համախմբում և պետության կառավարման փիլիսոփայության փոփոխություն. հենց այս գաղափարներն են ընկած շարժման հիմքում:
Համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանն իր ելույթում խոսեց նաև շարժման ֆինանսավորման մասին. «Մենք ինքնաֆինանսավորվող կառույց ենք, ես դրա մասին շատ եմ խոսել։ Այսպես կոնկրետ չմատնանշեմ, թե ով ինչքան է ֆինանսավորում շարժման խորհրդի անդամներից, բայց եթե դա ձեզ հետաքրքրում է, մենք ինքնաֆինանսավորվող, ինքնաբավ շարժում ենք, մեր ամբողջ ֆինանսական միջոցները գոյացել են մեր աշխատանքի շնորհիվ՝ իմ և իմ գորընկերների, իմ թիմակիցների շնորհիվ, և եթե որևիցե մեկին դա պետք է տեսնել, յուրաքանչյուր ծախսված դրամը, աղբյուրը և որտեղ է ծախսվում, բաց է»:
… «Մենք այսօր նախաձեռնում ենք մի շարժում, որն իր հետ Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքում բերելու է թարմ գաղափարներ, նոր մոտեցումներ, առաջ է քաշելու որակական առողջ ու բնականոն սերնդափոխության հարցը»,- հայտարարում է Խաչիկ Գալստյանը:
Մի փոքր ինտրիգային էր «Երիտասարդական համաձայնություն» ՀԿ ղեկավար Վաչե Գրիգորյանի ելույթը. Զիված ուժերը միակ համակարգն է, իր բոլոր թերություններով հանդերձ, որը պաշտպանում և ապահովում է մեր երկրի անվտանգությունը, բայց ինչի՞ հաշվին, հարգելիներս, հայ զինվորի, առաջնագծում կռվող հայ զինվորի հաշվին: Չլինի նա՝ չի լինի Արցախը: Ի՞նչ եք կարծում, ո՞վ ենք մենք պետության համար, մենք՝ երիտասարդներս,ներկա սերունսներս, թնդանոթի մի՞ս է, թե՞ մենք ավելի լուրջ առաքելություն պետք է ունենանք մեր երկրում իրականացնելու»:
Շարժման հիմնադրմանը մասնակցել է Հայազն կուսակցությունը, խոսեց նաև Արմեն Մկրտչյանը. «Եկել է ժամանակը, որ նոր սերնդի երիտասարդներով համախմբենք մեր ուժերը և պայքարենք պատճառի դեմ, այլ ոչ թե հետևանքների: Մեր շարժումը գնալու է դեպի հաղթանակ՝ Միասնություն, Սերնդափոխություն, Հաղթանակ»...:
…Միասնական երիտասարդները մեկնելու են գյուղ՝ տեղում ծանոթանալու գյուղացիների խնդիրներին, նաև մայրաքաղաքում տարբեր հիմնախնդիրների մասին քննարկումներ են ունենալու:
«Բոլորը գալիս են փրկչի տեսքով, մենք չենք ասում՝ մենք եկել ենք փրկենք, մենք ասում ենք՝ եկել ենք գործ անենք։ Մարդիկ են, որոնք որ իրենց ամբողջ կյանքը լուծել են լոկալ հարցեր՝ միտինգային պայքարներ, գործարար ոլորտում, թե առանձին նախաձեռնություններում։ Հիմա մենք հավաքվել ենք և լուծում ենք տալու բոլոր այն խնդիրներին, որոնք որ ծառացած են»․- լրագրողների հետ զրույցում ասաց Արման Վարդանյանը:
«Այսօր շատ քաղաքական ուժեր պետք է ապացուցեն, որ իրենք փոխվել են, այսօր երկրում դրական պրոցեսներ են տեղի ունենում, ոչ այն թափով, որով կցանկանայինք տեսնել և որոշակի դրանք կրում են կոսմետիկ բնույթ, բայց այն, որ այսօր հրամայական կա քաղաքական ուժերը ենթարկվեն տրանսֆորմացիայի, դա փաստ է։ Հիմա մենք կտեսնենք ով ինչքանով կենթարկվի տրանսֆորմացիայի, ով ինչքանով պատրաստ կլինի ոչ միայն կիսել, այլև իրականացնել գաղափարները, այդ ժամանակ մենք եզրերը կտեսնենք»:
Ամբողջական նյութը՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: